Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի վրա առայժմ հարկեր չեն ավելանա

Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի վրա եւս երկու հարկի կառուցումը չեղյալ է հայտարարվել:
Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի վրա եւս երկու հարկի կառուցումը չեղյալ է հայտարարվել, քանի որ կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ են կատարվել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Մշակույթի նախարարության Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը, շենքի կառուցապատման նոր նախագիծ առայժմ չի ներկայացվել:

Ալեքսանդր Թամանյանի նախագծած Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ըստ կառավարության 2011 թվականի որոշման հանձնվել է «ԼԵւ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին: Փոխարենը ընկերությունը պարտավորվել էր ԱԻՆ համար նոր շենք կառուցել: Այդ նոր շենքը այժմյան ԱԻՆ շենքն է, որը գտնվում է Դավիթաշենում: Հիմա կառավարության հերթն է Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը «ԼԵւ ԸՆԴ ԴԱՎ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին հանձնելու:

Նշենք, շենքը գտնվում է Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում:

Քաղաքացիական ակտիվիստ Իզաբելլա Սարգսյանը բնակվում է Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի հարեւանությամբ: Նրա եւ այլ ակտիվիստների անհանգստությունը հարուցել է կարմիր ժապավենը, որով շրջանակվել է շենքը: Դա շինարարություն սկսելու նախանշան է: Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, շենքի տեղում հյուրանոց է կառուցվելու:

«Ավելի ընդհանրական ասած` ցանկացած հին շենք, որի շուրջ ինչ-որ շինարարական գործունեություն է սկսում ծավալվել, մտահոգության տեղիք է տալիս, քան որ «տառապանքներս փորձ ունի», - ասաց ակտիվիստ Միքայել Հովհաննիսյանը` վկայակոչելով Փակ շուկայի օրինակը:

Ըստ ակտիվիստների` ոչ ոք չի կարող վստահ լինել նրանում, որ Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքը Փակ շուկայի ճակատագրին չի արժանանա, հատկապես, որ կառավարության 2011 թվականի որոշման համաձայն, նախատեսվում էր դրա վրա եւս երկու հարկ ավելացնել:

Կառուցապատողն այժմ պիտի նախագիծ ներկայացնի, թե ինչ ձեւափոխություններ է ցանկանում կատարել շենքում: Կարո Այվազյանի խոսքով, առհասարակ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքում ինչ կարող է եւ ինչ չի կարող փոփոխել սեփականատերը, օրենքով սահմանված չէ, սակայն ցանկացած փոփոխություն պիտի համաձայնեցվի Մշակույթի նախարարության հետ:

Երեւանի քաղաքապետարանը երեկ հայտարարել է, որ շենքի արտաքին տեսքին վտանգ չի սպառնում:

«Արտաքին տեսք ասելով, ամենայն հավանականությամբ, նկատի ունեն ֆասադը, բայց բացի ֆասադից, պատմամշակութային հուշարձան ասելով մենք հասկանում ենք շենքի ներքին հարդարանքը, աստիճանները եւ այլն, որոնք իրենցից եւս արժեք են ներկայացնում», - ասաց Իզաբելլա Սարգսյանը:

Թե քանի հարկ կկառուցվի պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի վրա, թե առհասարակ չի կառուցվի եւ ինչ աշխատանքներ կկատարվեն ներսում առայժմ հայտնի չէ, սեփականատերը դեռ նախագիծ չի ներկայացրել: