Տարոն Մարգարյանը հանդիպումներ ունեցավ Նուբարաշենում

Your browser doesn’t support HTML5

Երեւանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը այսօր ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Նուբարաշեն համայնքում:

Նուբարաշենցիներին հուզող հարցերը բազմաթիվ էին` կապված հասարակական տրանսպորտի, գազիֆիկացման, շենքերի ու փողոցների, բակերի բարեկարգման հետ:

Քաղաքապետը խոստացավ զբաղվել քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերով: Համայնքի բնակիչները նաեւ տասնյակ նամակներ հանձնեցին քաղաքապետին:

Լրագրողների հարցերին քաղաքապետը այսօր չպատասխանեց: Հանդիպումից հետո Տարոն Մարգարյանն այցելեց Նուբարաշենում Հանրապետական կուսակցության շտաբը:

Բակային հանդիպումներում քաղաքապետին ուղեկցում են մայրաքաղաքի գործող ավագանու անդամները:

Տարոն Մարգարյանին ուղեկցողների թվում էր նաեւ քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Նա ասաց, որ քաղաքապետի հետ քարոզարշավին մասնակցում է ոչ թե որպես պաշտոնյա, այլ որպես շարքային քաղաքացի, քանի որ արձակուրդում է գտնվում:

«Հիմա դուք խոսում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արթուր Գեւորգյանի հետ, ոչ թե պաշտոնյայի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` շարունակելով. - «Տեղեկատվության վարչության պետը` անգամ արձակուրդում գտնվող, երբ շփվում է իր գործընկերների հետ, լրատվամիջոցների հետ, ամեն դեպքում գործընկերները բարձրացնում են հարցեր: Առնվազն գոնե այս փուլում, երբ շատ ավելի անմիջական է շփումը»: