Ձերբակալվել է գյուղապետի սպանության գործով կալանավորվածի եղբայրը

Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանի եղբայրը` Արտակ Պետրոսյանը, երեկ երեկոյան ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով:

«Այս ձերբակալությունը առնչություն չունի գյուղապետի սպանության գործի հետ», -այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Փաստաբանը նշեց, որ Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է մեկ այլ գործով, որն առնչություն ունի անցած աշնանը Պռոշյանում կայացած գյուղապետի ընտրությունների հետ: Հովհաննիսյանի խոսքով` Մուրադյանի վերընտրությունից հետո նրա համակիրների կազմակերպած միջոցառման ժամանակ Արտակ Պետրոսյանի ու համակիրների միջեւ քաշքշուկ է եղել, ինչը հարթվել է:

Փաստաբանը ենթադրում է, որ ոստիկանությունը «վերհիշել է այս գործը` արհեստականորեն ստեղծելով այնպիսի իրավիճակ, թե իբր Պետրոսյան եղբայրների ու գյուղապետի միջեւ թշնամանք է եղել»:

Հիշեցնենք, Պռոշյանի դաշնակցական 50-ամյա գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ին` գյուղապետարանի շենքի դիմաց: Այս սպանության գործով կալանավորվել էր նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ում ապրիլի 5-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածին 2-րդ մասի 2-րդ կետով (Անձի կամ նրա մերձավորի սպանությունը՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Նաիրա Բուլղադարյան