Ներկուսակցական հանդիպումներ՝ ընտրություններին ընդառաջ

Քարոզարշավի 9-րդ օրը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը ներկուսակցական հանդիպումներ է անցկացնում:
Արմեն Մարտիրոսյանի գլխավորած «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները երեկոյան «Ժառանգություն» կուսակցության շտաբի նիստ են գումարելու` քննարկելու հետագա քայլերը:

ՀԱԿ-ը եւս այսօր ընտրողների հետ չի հանդիպի։ Կուսակցության ցուցակը գլխավորում է Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։ «Իշխանությունը՝ քաղաքացուն»՝ Կոնգրեսի կարգախոսն է:

Նախընտրական հանդիպումների օրակարգն է դեռ հստակեցնում ՀՅԴ-ն։ Դաշնակցությունից քաղաքապետի թեկնածու է Արմեն Ռուստամյանը` «Երեւա՛ն, փոխի՛ր Հայաստանը» կարգախոսով:

Ակտիվ քարոզարշավ է իրականացնում Հանրապետական կուսակցությունը. մայրաքաղաքում ամենաշատը Տարոն Մարգարյանի նկարով պաստառներն են։ Գործող քաղաքապետը քարոզչություն է անում բակերում` ավագանու իր թիմի հետ, հիմնականում մշակութային գործիչներ` Լեւոն Իգիթյան, Արա Երնջակյան: «Ավելի լավ Երեւան» կարգախոսի ներքո՝ Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումներում խոստանում է շարունակել սկսածը. – «Մենք այս տարիների ընթացքում բոլոր դպրոցների ջեռուցման խնդիրը լուծեցինք, բոլոր մանկապարտեզների ջեռուցման խնդիրը լուծեցինք, 30 հազար երեխա անվճար հաճախում է մանկապարտեզ։ Եվ վստահ ենք՝ մայիսի 5-ին երեւանցին իր քվեն տալու է այն թիմին, որոնք աշխատել են օրուգիշեր, ոչ թե խոստումներ են տվել»։

Բակային ակտիվ հանդիպումներ է անցկացնում «Բարգավաճ Հայաստանը»: «Սկսենք Երեւանից» կարգախոսով շապիկներով ԲՀԿ-ական երիտասարդները ծառատունկեր են անում, նախկին արտգործնախարար, քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը բնակիչների հետ հանդիպումներում գործող իշխանություններին է քննադատում. – «Մի կուսակցություն՝ ամեն ինչ չր ձեռքն է։ Կարող է ԱԱԾ–ին ասեն՝ գնացեք սա արեք, դատախազին՝ գնացեք սա արեք, հարկայինին՝ ասեն գնա սրան մի հատ ստուգի։ Եթե նույն վարչապետը, որը տապալել է, նույն կառավարությունը, որը արդյունավետ չէ, եթե բերեց նույն մարդկանց նշանակեց ու այդ մարդիկ էլ նույն ծրագրով ուզում են երկիրը ինչ–որ առաջնորդել, ոչ մի բան չի ստացվելու, այս ժողովուրդը թողնելու գնալու է»։

«Մենք կարող ենք ավելին» կարգախոսի ներքո հանդիպումներ է անցկացնում ՕԵԿ ցուցակը գլխավորող Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Նա գործող քաղաքապետին չի քննադատում, բայց խոստանում է ավելի լավ աշխատել:

Ընտրություններին մասնակցող ուժերից հանրությանն առավել քիչ հայտնի «Առաքելություն» կուսակցության ցուցակում երիտասարդներ են։ Նրանք եւս շրջում են մայրաքաղաքի բակերով` խոստանալով վերացնել համատիրությունները, վճարովի ավտոկայանատեղիները: