Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վերսկսել մարզային այցելությունները

Րաֆֆի Հովհաննիսյանը Գյումրիում, 23-ը փետրվարի, 2013

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը այս շաբաթ կվերսկսի իր մարզային այցելությունները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, դեռ հայտնի չէ, թե ինչ օրակարգ է մշակել Րաֆֆի Հովհաննիսյանը այս շաբաթվա համար, մասնավորապես, ինչ ուղղությամբ են ընթանալու մարզային հանդիպումները եւ ինչ է նա հայտնելու ժողովրդին: Ըստ Խուրշուդյանի` դա պարզ կդառնա միայն այսօր: Հստակ է միայն այն, որ ուրբաթ օրը` ապրիլի 19-ին, նախատեսված է քաղաքացիական ժողով:

Այլընտրանքային կառավարության, կամ ինչպես հենց Հովհաննիսյանն էր ձեւակերպել, «ժողովրդի իշխանության» անուններն այդպես էլ չհնչեցին, ինչի մասին խոսել էր ընդդիմադիր առաջնորդը դեռ ապրիլի 9-ին:

Հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք այս մասին խոսել քաղաքացիական ժողովի ընթացքում, Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. - «Մեր ժողովը որ լինի, այնտեղ նաեւ հավաքական պատասխանատվության ձեւաչափերը կճշգրտվեն»:

Իշխող Հանրապետական կուսակցությունը խնդիր չի տեսնում Հովհաննիսյանի մարզային այցելությունների մեջ, սակայն նաեւ կարծում է, որ ընդդիմադիր առաջնորդը քաղաքական օրակարգ չունի:

«Ժողովրդավարական արժեքներից ելնելով` յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա ազատություն եւ հնարավորություն իր քաղաքական գործառույթներն իրականացնելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասում է իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով այն հարցին, թե հավանական համարո՞ւմ են, որ Հովհաննիսյանի մարզային հանդիպումների վերսկսմամբ կարող է քաղաքական իրավիճակ փոխել:

«Եթե հուզական ելույթների պահը դնենք մի կողմ, ես պարոն Հովհաննիսյանի մոտ չեմ տեսնում հստակ քաղաքական օրակարգ: Կարծում եմ` ոչ միայն ես չեմ տեսնում, չեն տեսնում նաեւ նրա թիմակիցներից շատերը: Ինքը պետք է որոշի` Վաշինգտոն գնա, Մոսկվա գնա 24 ժամով, կարող է չերեզ Աշտարակ Մոսկվա գնա, հետո` Վաշինգտոն, դա իր խնդիրն է», - ասաց Շարմազանովը:

Իշխող կուսակցության խոսնակն ասում է` չորրորդ նախագահ դառնալու համար Հովհաննիսյանը պետք է սպասի մինչեւ 2018 թվականը:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում քաղաքական ուժերի միջեւ պայքարը պետք է գնա միայն պաշտոնի համար, կամ միայն նախագահի աթոռի, կամ մի քանի նախարարական պորտֆելի համար: Ընդդիմություն-իշխանություն պայքարը պետք է ծավալվի ծրագրային դրույթների հիման վրա: Պետք է լինի այլընտրանքային կառավարություն, այլընտրանքային կառավարության ծրագիր, պետք է լինի այլընտրանքային բյուջեի նախագիծ, որը ես չեմ տեսնում», - ասում է Շարմազանովը` խորհուրդ տալով «Ժառանգության» առաջնորդին այս պահին կենտրոնանալ Երեւանի ավագանու ընտրությունների վրա:

«Այս ընտրությունները ցույց կտան, թե ոչ իշխանական ուժերից իրականում ով ինչքան ձայն ունի մայրաքաղաքում», - ասում է նա: