«Երեւակայության գավաթ 2013»-ի միջազգային փուլում Հայաստանը կներկայացնի Voiceboard project-ը

ՏՏ ոլորտի «Երեւակայության գավաթ 2013»-ին Հայաստանը կներկայանա ձայնով եւ ձեռքի շարժումով կառավարվող գրատախտակի` Voiceboard project նախագծով:
Նկարվող երաժշտություն եւ տան էլեկտրական սարքերը բջջայինով կառավարելու հնարավորություն, նաեւ մի շարք այլ ծրագրեր էին մշակել երիտասարդ ծրագրավորողները «Երեւակայության գավաթ 2013» Հայաստանյան մրցույթի եզրափակիչ փուլի համար, որի հաղթողը, հիշեցնենք, հնարավորություն է ստանում Հայաստանը ներկայացնել միջազգային «Երեւակայության գավաթի» մրցույթին, որն այս տարի տեղի կունենա Ռուսաստանում:

Սանկտ-Պետերբուրգում Հայաստանը կներկայացնի Voiceboard project նախագիծը, որը հայերեն կհնչի որպես «ձայնային գրատախտակ»: Նախագծի հեղինակ թիմն առաջարկում է ոչ թե գրել գրատախտակի վրա, այլ խոսել դրա հետ, ինչպես նաեւ դրա վրա գտնվող առարկաները տեղաշարժել ձեռքով:

«Ասում ես ինչ-որ բառ, այն հայտնվում է գրատախտակին, եթե ուզում ես այն տեղափոխես մի տեղից մյուսը, օգտագործում ես քո ձեռքը. վերցնում ես բառը եւ տեղափոխում այն, կարիք չկա այլեւս գրատախտակին մոտ կանգնած լինել, քննարկման սենյակում գտնվող մարդկանցից յուրաքանչյուրը նստած տեղից կարող է արտասանել իր միտքը եւ այն հայտնվի գրատախտակին», - ասաց թիմի անդամ Գեւորգ Հովսեփյանը:

«Այս տարի անվանակարգերն ավելացել են, եթե անցյալ տարիներին շեշտը դրվում էր այնպիսի լուծումների վրա, որոնք ուղղված էին սոցիալական, կրթական, բնապահպանական ոլորտներում փոփոխություններին նպաստելուն, այս տարի կան նաեւ խաղերի եւ պարզապես նորարարության անվանակարգեր», -
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամի տնօրեն Եվա Հյուսյանը:

Հայաստանյան փուլի այս տարվա առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ ներկայացված ծրագրերում տրված էին smart, հայերեն ասած «խելացի» լուծումներ: Օրինակ, թիմերից մեկն առաջարկում է մոբայլ համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած վայրից անջատել տան էլեկտրական սարքերը: Բացի այդ, առաջարկում են արդեն գոյություն ունեցող smart home` «խելացի տան» նախագծում ներմուծել kinect տեխնոլոգիան, որը, թիմի անդամ Ժենյա Կարապետյանի խոսքով, թույլ կտա հետեւյալը. -
«Օրինակ, եթե սենյակում երկու հոգի են, եւ մեկը դուրս է գալիս, smart home-ը կանջատի սենյակի լույսը, բայց չէ՞ որ մեկը դեռեւս սենյակում է: Իսկ kinect-ը քեզ տեսնում է, զգում է, հասկանում է`քնած ես, թե ոչ, ըստ այդմ, գուցե հարկավոր է, որ անջատի հեռուստացույցը»:

Մեկ այլ թիմի նախագիծը ժամանցային է: Նրանք որոշել են նկարել երաժշտությունը, ներկայացնում են “Paint the music” նախագիծը:

«Օրինակ, օգտագործողը ձեռքով ինչ-որ մարմիններ է նկարում էկրանին եւ ըստ դրա հնչում է որոշակի երաժշտություն», - ասաց թիմի անդամ Նարեկ Հայրապետյանը:

Այս ամենը կատարվում է touchscreen-ի, այսիքնքն սենսորային էկրանի շնորհիվ: Այս նախագիծը ժյուրիի կողմից արժանացավ խրախուսական մրցանակի: