Ընդդիմությունը թերահավատությամբ է ընդունում Սարգսյանի խոստումները

Հայաստան -- Նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, Երեւան, 9-ը ապրիլի, 2013թ.

Անդրադառնալով ապրիլի 9-ի պաշտոնակալության արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի երդմանն ու ելույթին՝ ԱԺ հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ակնհայտ համարեց, որ մի շարք բնագավառներում 2008 ի համեմատ այժմ ունենք բոլորովին այլ Հայաստան:

«Իսկ առաջիկա 5 տարիներին իշխանությունները պետք է ավելի մեծ թափով աշխատեն», – ասաց Շարմազանովը։

Սերժ Սարգսյանը իր ելույթում նախ` շնորհակալություն էր հայտնել ե՛ւ իրեն ընտրած, ե՛ւ այլ թեկնածուների օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վերջիններիս դժգոհությունը համարելով իշխանություններին ուղղված հստակ ուղերձ՝ նա վստահեցրել էր, որ այդ ուղերձները տեղ են հասել:

Առաջիկա հինգ տարիներին երկրի առաջնահերթությունները հռչակելով տնտեսական առաջընթացը, արտագաղթի, աղքատության դեմ պայքարը, իրավունքի գերակայության ապահովումն ու ժողովրդավարության խորացումը՝ նախագահը խորհուրդ էր տվել հետեւել վերջին հինգ տարիներին ժողովրդավարական առաջընթացին եւ, ըստ նրա, տարբերությունը ակնհայտ կլինի։ - «Համեմատեք խոսքի, մամուլի, հավաքների ազատության մակարդակները, քաղաքացիական հասարակության կայացածության մակարդակները: Հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ», - խոստացել էր Սերժ Սարգսյանը:

«Նախագահի ելույթը ցույց տվեց, որ հանրության եւ նախագահի մեջ չկա անջրպետ, իսկ դա ամենակարեւորն է, որ մենք ունենք առաջնորդ, որը լսում է հանրության ձայնը, որը տեղյակ է պրոբլեմներից, որը տեղյակ է որոշակի դժգոհությունից եւ պատրաստ է առանց վերմակը իր վրա քաշելու բոլորի հետ միասին աշխատել, որպեսզի հինգ տարի անց ունենանք ավելի ապահով Հայաստան»:

«Ինչպե՞ս պետք է ժողովուրդը զգա, որ իր բոլոր ուղերձները տեղ են հասել, ինչպես հավաստիացնում էր Սերժ Սարգսյանը» հարցին՝ Շարմազանովն արձագանքեց. - «Ժողովուրդը պետք է զգա բարեփոխումների արդյունավետությամբ, ժողովուրդը պետք է զգա սոցիալական քաղաքականության, սոցիալական վիճակի, աղքատության կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատարանների ավելի արդարացի լինելու առումով: Մենք շատ դեպքերում լավը չենք տեսնում, կամ լավը երբ լինում է, սովորական է դառնում, բայց վատը ցավոտ ենք ընկալում: Եթե մենք նայենք 2008 թվականի մարդու իրավունքների կամ ազատությունների վիճակը Հայաստանում եւ այսօր, կտեսնենք, որ ահռելի մեծ քայլ է կատարվել, շատ մեծ քայլ: Եթե մենք տեսնենք իշխանությունների հանդուրժողականության, իշխանությունների համերաշխության գնալու , երկխոսության գնալու պատրաստակամության մակարդակը 2008-ին եւ 2013-ին` մենք էլի ունենք երկու տարբեր Հայաստաններ, ոստիկանության պահվածքը 2008-ին եւ 2013-ին` շատ ավելի շահեկան վիճակում է այսօրվա Հայաստանը: Ինչպես ժողովուրդը տեսել է այս բարեփոխումները, կարծում եմ այդ բարեփոխումների արդյունքները կտեսնի նաեւ 2017-ին»:

«Սերժ Սարգսյանն այդ մասին խոսեց Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ։ Դա մեսի՞ջ էր Ռոբերտ Քոչարյանի աշխատանքին ուղղված», - հարցին Շարմազանովը պատասխանեց. - «Չէ, ի՞նչ կապ ունի … Ռոբերտ Քոչարյանին ուղղված մեսիջ… Հինգ տարի առաջ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն էլի իշխանություն էր»:

Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած, ներկայումս ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը իր ֆեյսբուքյան էջում է հակադարձել Սերժ Սարգսյանի դիտարկումներին, համոզմունք հայտնելով, թե երկրի վիճակը բարվոք չէ եւ վերջին հինգ տարիների ընթացքում, լավագույն դեպքում տեղում դոփել ենք: - «Քաղաքական մթնոլորտը անառողջ է, տնտեսական ոլորտում պատկերը էապես չի փոխվել», - նշել է Օսկանյանը:

Խորհրդարանական ընդդիմությունն ընդունում է վերջին 5 տարիներին ժողովրդավարության բնագավառում առաջընթաց փաստը, բայց դա չի կապում Սերժ Սարգսյանի հետ։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց ընդդիմադիր Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. - «Հայաստանում իսկապես ավելի ազատ է հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու հնարավորությունները, բացվել է եթերը, քաղաքացիական հասարակությունը շատ ավելի պահանջկոտ է դարձել, Հայաստանում քաղաքացիները շատ ավելի բարձր են խոսում իրենց իրավունքների համար, եւ պատրաստ են պայքարել այդ իրավունքների համար, բայց դրա հետ Սերժ Սարգսյանը որեւէ կապ չունի: Դա կապ ունի մեր 5 տարվա համառ պայքարի հետ»:

Հիշեցնելով, որ 2008-ից ի վեր երեք տարի շարունակ իր խոսքերով` «Ազատության հրապարակը օկուպացված էր, զավթված էր ռեժիմի եւ ոստիկանների կողմից», Զուրաբյանը ընդգծեց. - «Այսինքն 5 տարի շարունակ մեր այս ամբողջ շարժումը զբաղված է եղել ազատության սահմանները լայնացնելով։ Սերժ Սարգսյանը դրան միայն դիմադրել է, բայց նաեւ նահանջել, երբ դիմադրելու ռեսուրս այլեւս չի ունեցել»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոստումներին, որ հինգ տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր՝ անհամեմատ բարձր մակարդակ, Զուրաբայանն ասաց. - «Ես վստահ եմ, որ այդպես լինելու է, այդ հարցում ինքը իրավացի է, բայց նորից դրա հետ ինքը որեւէ կապ չի ունենալու: Դա անելու ենք մենք։ Ա՛յ, տնտեսական նրա խոստումների վերաբերյալ ես շատ ավելի վատատես եմ, որովհետեւ տնտեսական զարգացում ընդդիմությունը ապահովել չի կարող: Ավելին, այն քաղաքական համակարգը, որը ապահովում է Սերժ Սարգսյանի իշխանությունը, նույնիսկ տնտեսությունը զարգացնելու իր ցանկության դեպքում դա թույլ չի տա, որովհետեւ երկիրը զարգացնելու նպատակով ինքը առաջին հերթին պետք է խփի իր եւ իր մի քանի արտոնյալ մերձավորների շահերին: Մի բան, որ ինքը չի կարող անել առանց կորցնելու իշխանությունը երկրում»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը այս հարցում համակարծիք էր Զուրաբյանի հետ, մի տարբերությամբ, որ ժողովրդավարական առաջընթացի գլխավոր գործոնը նա ժողովրդին էր համարում. - «Հասարակության համբերության բաժակը լցվել է, հասարակության կրթվածության մակարդակը բարձրացել է, հասարակության գլխով անցան ամենատարբեր բաներ, եւ հասարակությունը ինքը իմաստնացավ, ինքն այլեւս բոլոր քաղաքական ուժերին ասաց` ինձ հետ այլեւս այդ տոնով չխոսեք, եւ այսօրվա թիվ մեկ գործոնը ժողովուրդն է: Ինքնահռչակ իշխանությունը ոչինչ չի արել ժողովրդավարությունը ավելացնելու առումով»:

«Բայց փաստ է, որ վերջին հետընտրական զարգացումներում զանգվածաբար չձերբակալեցին ընդդիմադիրներին եւ չկրակեցին ժողովրդի վրա»` դիտարկմանը Սաֆարյանը պատասխանեց, թե իշխանությունները հակված էին դրան, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի ռազմավարությունը կանխեց նմանատիպ զարգացումները: