ԱԺ-ում քննարկվում է Մարտի 1-ի նոր հանձնաժողովի ստեղծման հարցը

Չնայած Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում քաղաքական համաձայնություն էր ձեռք բերվել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, սակայն խորհրդարանի այսօրվա նիստում հարցը քննադատության ենթարկվեց մի շարք ՀՀԿ-ական պատգամավորների կողմից:

«Այս հարցում գործ ունի անելու միայն մեր իրավապահ համակարգը», - իր ելույթում հայտարարեց իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավոր Մարգարիտ Եսայանը: - «Մենք կարող ենք հարցին բարոյական լուծում տալ, բայց արդյո՞ք այդ տասը զոհերի հարազատները մեզնից հերթական բարոյական լուծումն են ուզում: Երբե’ք»:

Հանրապետականներին առավել շատ հուզում էր Մարտի 1-ի քաղաքականացումը: Ի թիվս այլ մտահոգությունների` Մարտի 1-ի գործի լիարժեք բացահայտման համար գործիքների բացակայությունն էր:

«Հույսի նոր լույս ենք ուզում ճառագել` չգիտենալով ինչ միջոցներով», - ասաց Սուքիաս Ավետիսյանը (ՀՀԿ):

ՀԱԿ խմբակցության անդամ, հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողներից Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե գուցե հնարավոր չէ գործն ամբողջությամբ բացահայտել, բայց «նուրբ հարցերին չդիպչելու» ՀՀԿ-ի դիրքորոշումն էլ չի հասկանում. - «Ես չեմ ասում` մենք դրանք բացահայտելու ենք: Բայց ես վստահ եմ, որ եթե այնտեղ բարեխիղճ, օբյեկտիվ եւ հանդուրժողական մթնոլորտ ձեւավորվի աշխատանքի, մենք որոշակի առաջարկություններ անպայման այդ եզրակացության մեջ կներկայացնենք: Հավատացեք, այդպիսի լիազորություն այս հանձնաժողովը մեզ տալիս է»:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե հանձնաժողովի ստեղծումը տապալվի, դա անհանդուրժողականության դրսեւորում կլինի խորհրդարանում իշխող ուժի կողմից:

«Եթե Ազգային ժողովը ներկայացուցչական մարմին է, արտահայտում է հասարակության կամքն ու վճռականությունը, դա նույնն է, որ ասեք` հասարակություն, մի’ խոսեք այդ թեմայով ընդհանրապես, որեւէ մեկդ չփորձի’ բարձրաձայնել Մարտի 1-ի դեպքերի մասին ընդհանրապես: Սա աբսուրդ հիմնավորում է», - հայտարարեց Մինասյանը:

Նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը կողմ են խորհրդարանի ոչ իշխանական 4 խմբակցությունները` ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն եւ «Բարգավաճ Հայաստան»-ը: Վերջինիս ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը ասաց, թե հանձնաժողովին պետք է հասարակության հարցերին պատասխանելու հնարավորություն տալ:

«Ես, ցավոք սրտի, Նոստրադամուսը չեմ` ի տարբերություն այստեղ 999 պրոբի բազմաթիվ Նոստրադամուսների, որոնք հայտարարեցին, որ հանձնաժողովը չի կարող արդյունավետ աշխատել, հանձնաժողովից սպասելիքներ չպիտի ունենալ: Հանրության մեջ, այո, մնում են առ այս պահը Մարտի 1-ի հետ կապված բազում հարցեր, եւ խորհրդարանը պարտավոր է դրանց արձագանքել: Մենք այդ հնարավորությունը պիտի անպայմանորեն տանք», - նշեց Զոհրաբյանը:

Այս հանձնաժողովը ստեղծելու առաջարկը, որ ներկայացրել էր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը, քննարկվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ դրական եզրակացություն է ստացել:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանի ներկայացմամբ` հանձնաժողովն ուսումնասիրելու է հնգամյա վաղեմության դեպքերի հանգամանքները, սպանության եւ հրազենային վնասվածք հասցնելու փաստերը, գնահատական է տալու դրանց պետական կառույցների ու պաշտոնյաների ունեցած առնչությանը, իրավապահ մարմինների որոշումների օրինականությանը:

Լիազորությունների մասով հանձնաժողովը կարող է ծանոթանալ քրեական գործի հանգամանքներին, հրավիրել պետական պաշտոնյաների, կալանավայրերում այցելել Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց: Հանձնաժողովը, սակայն, նախաքննական մարմնի լիազորություններ չունի, ուստի հրավիրվողների գալը, հարցերին պատասխանելը կախված է նրանց բարի կամքից:

ԱԺ նիստի օրակարգում հանձնաժողովի ստեղծման հարցն ընդգրկելու համար նախաձեռնության հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը նաեւ որոշ զիջումների է գնացել հանձնաժողովի կազմի, ինչպես նաեւ դրա նիստերը փակ անցկացնելու հարցում:

Այդուհանդերձ, ինչպես վկայեց այսօրվա քննարկումը, անգամ այդ զիջումներից հետո իշխող ուժը կարող է դեմ քվեարկել նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը: