Մարտիրոսյան. «Մեր շատ քայլեր միանշանակ չեն ընդունվել»

Your browser doesn’t support HTML5

«Ազատություն TV»-ի ուղիղ եթերում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդ գնալու որոշումը «պահի թելադրանքով» չի կայացրել: Մարտիրոսյանի խոսքով` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած մարդիկ չեն լսել, թե ինչպես է Հովհաննիսյանը հայտարարել երթուղին փոխելու մասին:

«Իրավիճակի թելադրմամբ չի եղել Ծիծեռնակաբերդ այցելելու որոշումը: Դեռեւս հարթակում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել էր, որ առաջարկում է գնալ Ծիծեռնակաբերդ: Ծիծեռնակաբերդ տանող երթուղին տանում է Բաղրամյանով, հետո Օրբելի-Կիեւյան կամուրջ եւ այնտեղից Ծիծեռնակաբերդ: Բայց իշխանությունները բնականաբար, «շատ մտահոգ» Բաղրամյան պողոտայի կարգավիճակով, արգելեցին դա` ոչ օրինական կերպով: Բախումից հետո Ծիծեռնակաբերդ գնալու երթուղու փոփոխությունը ընդամենը նպատակի միջոցի խնդիր է եղել: Նպատակը մնացել է նույնը, միջոցը` Բաղրամյան պողոտան փոխվել է Սարյանով: Երբ պարոն Հովհաննիսյանը հայտարարել է այդ մասին, այդքան էլ լավ չի լսվել, եւ մի քանի հազար մարդ մնացել են, իսկ մի քանի հազարը գնացել են: Դրանից հետո իմ գործընկերներ Ստյոպա Սաֆարյանը, Հովսեփ Խուրշուդյանը եղել են ոստիկանների հետ առաջին գծում, ինչպես միշտ: Ժողովուրդը ուղղակի տեղեկացված չի եղել», - ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ իմաստ ուներ ոստիկանապետի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդ գնալը, մանավանդ, որ այդ քայլը շատերի կողմից միանշանակ չընդունվեց, Մարտիրոսյանը պատասխանեց, թե իրենց շատ քայլեր միանշանակ չեն ընդունվել, բայց ժամանակը ապացուցել է, որ հենց իրենք էին, որ աշխատանքով են զբաղվել` որեւէ մեկին չսեւացնելով:

«Ցավոք սրտի, այս ժամանակահատվածում մենք տեսանք, որ այն գործընկերները, ում մենք տարիներ շարունակ սատարել ենք, իրենց ցանկացած գործընթացի մասնակից ենք եղել, ես բոլորին նկատի ունեմ, երեկ որեւէ մեկը չկար», - ասաց Մարտիրոսյանը:

Անդրադառնալով հարցին, թե ընտրություններից հետո նախաձեռնած իր պայքարի արդյունքում ինչի՞ հասավ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. - «Ցանկացած պարագայում ոչ թե պարտությունից հիասթափվում ենք, այլ դրանից հետո մենք նորից շարունակում ենք մեր պայքարը: Չենք կարող սա հաջողություն անվանել, դա ակնհայտ է, կարծում եմ: Սերժ Սարգսյանը կեղծ երդում տվեց»: