Հովհաննես Սահակյան. «Ոստիկանությունը այդ օրը գտնվում էր բարձունքի վրա»

Your browser doesn’t support HTML5

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, ապրիլի 9-ին թե՛ ոստիկանները եւ թե՛ ընդդիմության ցույցի եւ երթի կազմակերպիչները բարձր մակարդակի վրա էին:

«Ոստիկանությունը այդ օրը գտնվում էր բարձունքի վրա եւ տեսնում ենք, որ իր քայլերը օրինականության սահմաններում էին», - այսօր «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում հայտարարեց հանրապետական պատգամավորը՝ մեկնաբանելով նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ապրիլի 9-ին հրավիրած հանրահավաքին հաջորդած զարգացումները։

«Բարձր մակարդակի վրա էին գտնվում նաեւ այն անձինք, ովքեր հրավիրել էին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ մյուսների, որոնք հստակ գիտեին, թե ինչ են անում, ինչ ծրագիր են իրականացնում եւ ուր են տանում», - հավելեց Հանրապետական պատգամավորը։

Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, երեկվա իրադարձությունների ընթացքում կային անձինք՝ «ովքեր այս կամ այն հայտարարություններով փորձում էին ինչ-որ սադրանք մտցնել»։

Հարցին, թե որքանո՞վ էր երեկ պաշտպանված ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երբ ոստիկանները նրան շուրջկալել էին եւ ոտքով հարվածում էին դեմքին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. - «Երբ որ մենք տեսնում ենք, որ նույն Արմեն Մարտիրոսյանը ինչպես է հետեւի կողմից մոտենում Ոստիկանությանը եւ փորձում ճեղքել, որպեսզի գործողություն կատարող Ոստիկանությանը մի կողմ հրի եւ ցուցարարներն անցնեն, սա տարբեր գնահատականների տեղիք է տալու։ Անկեղծ, ես Արմեն Մարտիրոսյանի հետ ընկերություն եմ անում շատ վաղուցվանից, երբ որ մենք միասին Ազգային ժողովում աշխատել ենք, բայց նորից պետք է իմ ե՛ւ ընկերոջը, ե՛ւ նախկին գործընկերոջը, ե՛ւ «Ժառանգություն» կուսակցության այսօրվա փոխնախագահին ասեմ եւ կոչ անեմ, որ օրենքը բոլորիս համար հավասար է, եթե երթը արտոնված չէ, ապա Արմեն Մարտիրոսյանը չպետք է ճեղքի»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին՝ գնահատական տալ կոնկրետ ոստիկանի կամ ոստիկանների գործողություններին, Հովհաննիսյանը, մասնավորապես, այսպես պատասխանեց. - «Քանի որ դեպքը ժամեր առաջ է տեղի ունեցել, թող իրավապահները տան տվյալ ոստիկանի եւ Արմեն Մարտիրոսյանի գործողությունների գնահատականը՝ իրավաչափ է եղել, թե ոչ։ Ես կտամ քաղաքական գնահատականը, որը ավելի հստակ է՝ այդ օրը երկրի քաղաքացին պաշտպանված էր իսկապես։ Եվ երկրի քաղաքացին պաշտպանված էր այնքանով, որքանով ընդհարումներ թույլ չտվեցին։ Եվ պատկերացնո՞ւմ եք, այդ բազմահազարանոց երթի կամ հանրահավաքի ժամանակ մի փոքր պրովոկացիա գնար եւ ինչ աղետալի հետեւանքներ կարող էր դա ունենալ։ Եկեք մասնավոր դեպքերով չասենք։ Դրա համար կոնկրետ Արմեն Մարտիրոսյանի եւ տվյալ ոստիկանի գործողությունները անջատենք»։

Սահակյանը նշեց, որ իհարկե, դատապարտելի է համարում ծեծը եւ ցանկացած բռնություն ու հավելեց. - «Յուրաքանչյուր հայ մարդու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախեւառաջ պետք է դատապարտելի լինեն հակաօրինական քայլերը, անկախ նրանից, դա երթի ժամանակ է, փողոցում քայլելուց, թե հասարակական կարգը խախտելուց»։