Ապրիլի 10-ի մամուլ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկվա խայտաբղետ իրադարձությունները դասակարգելը շատ դժվար գործ է: Մի կողմից որպես ֆոն՝ նախագահի երդմնակալության արարողությունը, որին, սակայն, մենք՝ «ոչ պաշտոնական» լրագրողներս, չհասցրինք մանրամասն հետեւել: Նյութը չափից դուրս «ոչ էքսկլյուզիվ» էր, ամեն ինչ նախապատրաստված էր ու կանխորոշված՝ չկային հանպատրաստից քայլեր ու իմպրովիզացիաներ: Փոխարենը իմպրովիզացիաները շատ էին ընդդիմության ճամբարում՝ երդում, երթ, համերգ, կրկին երթ, երեկոյան աղոթք եւ այլն: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել էր մարդկանց «նոր Հայաստանի երդմնակալությանը»: Մնացած գործողությունները, հավանաբար, նախօրոք պլանավորված չէին: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ոճն է. քանի որ շարժումը ժողովրդական է, նա պիտի ենթարկվի «ժողովրդի կամքին»: Իմ տպավորությամբ՝ Ազատության հրապարակում հավաքվածների մեծ մասը մոտավորապես 1992 թվականից նույն բանն է ուզում. գնալ Բաղրամյան 26, ջարդել այնտեղ եղած մարդկանց քիթ-մռութը, բացել այնտեղ դրված սնդուկները եւ մեջի եղած ոսկին արդարաբար բաժանել «ամբողջ ժողովրդի» մեջ: Որից հետո, ըստ հավաքվածների, սկսվելու է ուրախ եւ երջանիկ կյանքը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա իր քայլերով կարծես հատուկ ուզում էր ցույց տալ, թե ինչպես չի կարելի զբաղվել քաղաքականությամբ՝ ընդդիմադիր լինես, թե իշխանության մեջ։ Եվ եթե իսկապես այդ էր ուզածը, ապա դա միակ բանն էր, որ իսկապես հաջողվեց։ Հուզախռով, զգացմունքային, երբեմն նաեւ կցկտուր կոչեր, հակասական հայտարարություններ, իր իսկ կոչով հավաքված բազմությանը ղեկավարելու անկարողություն եւ գործողություններ: Ահավասիկ, երեկ հետմիջօրեին ու հատկապես երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանի դրսեւորած «զինանոցի» ոչ ամբողջական թվարկումը։ Եվ նման վարքի ցավալի հետեւանքներն էլ երկար սպասեցնել չտվեցին. ոստիկանության հետ քաշքշուկների մեջ մտնելու կամ ոստիկանների պահանջներին չենթարկվելու համար «բերման ենթարկված» տասնյակ կողմնակիցներ, այդ թվում՝ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյան, քաշքշուկ, քարանետում, տուժած Արմեն Մարտիրոսյան, իրարանցում, խառնաշփոթ ու անկարգություններ»։

«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երեկ օրվա «հերոսը» կրկին ոստիկաններն էին, ովքեր պարբերաբար մեր երկրում գլխավոր գործող անձինք են դառնում եւ ուղղորդում քաղաքական պրոցեսները: Եվ դա արվում է այնպես, կարծես հենց դա է մեր ոստիկանների գլխավոր պարտականությունը, այլ ոչ թե երկրում հասարակական կարգի պահպանությունը, հանցագործությունների դեմ պայքարն ու կանխարգելումը: Այս էլ որերորդ տարին է, որ մեր երկրում նախագահների երդմնակալության արարողությունն ընթանում է ոստիկանական մահակի ներքո եւ աջակցությամբ: Օրն առանց պատահարների չանցավ՝ կրկին բախումներ եղան, ծեծվածներ, նվաստացվածներ: Հենց այս միջադեպերն են պատճառը, որ շատերն ասում են, թե ապրում ենք ոստիկանական երկրում, որտեղ թելադրողը ոչ թե օրենքն է ու Սահմանադրությունը, այլ ոստիկանները, բանակը, ուժը, բռնությունը»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը հարված է հասցրել թե՛ իր շարժմանը, թե՛ իր անձնական հեղինակությանը: Անձնական հեղինակությունը ուներ կարեւոր նշանակություն: Նա իր «բարու» կերպարի մեջ բավական ընկալելի էր հասարակության մի զգալի մասի համար, ու թեեւ քաղաքական տեքստի առումով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ հանրության միջեւ կար բավական մեծ տարբերություն, այնուամենայնիվ նրա իմիջային, կերպարային ռեսուրսը համալրում էր այդ տարբերությունը, հանդիսանում այն կամուրջը, որ կար խորհրդառուսական քաղաքական մտածողության պայմաններում դաստիարակված հանրության եւ արեւմտյան քաղաքակրթական տիրույթից սերած եւ այդպես էլ «դասական» իմաստով հայաստանցի չդարձած Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ: Ապրիլի 9-ի հակասական, լավ չհաշվարկված, հանգամանալից չկշռադատված գործողությունների, ինչպես նաեւ դրանց հանդեպ անձնական պատասխանատվության, մեղմ ասած, անբավարար դրսեւորման, նաեւ վերահսկողական ցածր մակարդակի հետեւանքով անվստահության զգալի դոզա առաջացնելու արդյունքում, Րաֆֆի Հովհաննիսյանը ուժեղ եւ միգուցե ճակատագրական հարված հասցրեց հենց այդ կամուրջին»:

«Ժողովուրդ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Ընդունելով Տիգրան Սարգսյանի ներկայացրած կառավարության հրաժարականի դիմումը` Սերժ Սարգսյանն ասել է. «Ես վստահ եմ, որ Հայաստանի նոր կառավարությունը, շարունակելով ձեր լավագույն ավանդույթները, անպայման կատարելու է իր առջեւ դրված խնդիրները»: Իհարկե, Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, չափազանցրել է ոչ միայն այս կառավարության ստեղծած «բարենպաստ միջավայրի» մասով, այլեւ` նոր կառավարության: Ի վերջո հենց ինքը իր վերջին ասուլիսում բացահայտ ասաց, որ չի պատրաստվում էական փոփոխություններ կատարել այս կառավարության կազմում` դա պայմանավորելով նրանով, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունն իբր թե կարողանում է լուծել իր առջեւ խնդիրներն ու ապահովել խոստացված տնտեսական աճը»: