Միջազգային դիտորդներից դիմումներ առայժմ չեն ստացվել

Այս պահի դրությամբ 6 կազմակերպություններ ներկայացնող մոտ 230 դիտորդներ կհետեւեն Երեւանի ավագանու ընտրություններին: Միջազգային դիտորդներից որեւէ դիմում, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, առայժմ չի ստացվել: Դիմումները կարող են ներկայացվել մինչեւ ապրիլի 25-ը:

Մուկուչյանի պարզաբանմամբ` որքան էլ մենք կարեւորություն տանք մայիսի 5-ի ընտրություններին, որքան էլ փորձենք քաղաքական նրբերանգներ հաղորդել, այդուհանդերձ, միջազգային դիտորդների տեսանկյունից դրանք «այնքան էլ հետաքրքրիր չեն»:

Տեղական դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպություններ` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Ասպարեզ» լրագրողների ակումբն ու «Թրասփարենսի ինտերնեշնլ»-ը, այս ընտրություններին որոշել են մեկ թիմով աշխատել:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց միջազգային դիտորդների ներկայության կարեւորությունը:

Նրա համոզմամբ, թեեւ մեր պետությունը նման պարտավորություն չունի, սակայն իշխանությունները պարտավոր են հրավիրել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդներին:

«Հայաստանը հիմքեր չունի հայտարարելու, որ ինքը ընտրական ինստիտուտների հետ կապված որեւէ խնդիր չունի: Դրանով է որոշվելու, որ ինքը կամք ունի փոփոխություն կատարելու: Իսկ եթե ինքը դիմի, դա կամքի բացակայության մասին է խոսում», - նշեց Սաքունցը:

Հիշեցնենք, որ 2009 թվականի մայրաքաղաքի ավագանու ընտրություններին վերոնշյալ կառույցը 15 դիտորդ էր ուղարել: