Անցյալ տարվա համեմատ թմրամոլների թիվն աճել է 30 տոկոսով

Նարկոլոգիական ծառայության վիճակագրության համաձայն, Հայաստանում այսօր գրանցված է 4428 թմրամոլ:
Նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի հավաստմամբ վերջին չորս տարիների ընթացքում մեծ տեմպերով աճում է թմրամոլների թիվը: Նարկոլոգիական ծառայության վիճակագրության համաձայն, Հայաստանում այսօր գրանցված է 4428 թմրամոլ:

«Անցյալ տարվա համեմատ 30 տոկոսով աճել է թմրամոլների թիվը: Եթե անցյալ տարին համեմատում ենք նախանցյալ տարվա հետ, 100 տոկոսով է աճել, այսինքն մենք ունենք միտում թմրամոլության աճի հետ կապված, որը մտահոգիչ է», - նշեց Սեմերջյանը:

Սեմերջյանը հավելեց, որ սրանք այն թմրամոլներն են, ովքեր դիմել են առողջապահական ծառայությանն ու ստացել բժշկական կամ խորհրդատվական օգնություն, գրանցված են կլինիկայում: Նրա խոսքով, ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ համատեղ երկու տարին մեկ իրականացնում են հետազոտություններ: Վերջին հետազոտությունն արվել է անցյալ տարի եւ, ստացված արդյունքների համաձայն, թմրամոլների թիվն անցյալ տարի եղել է մոտ 13 000:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչով է պայմանավորված թմրամոլների թվի արագ աճը, Սեմերջյանը պատասխանեց. - «Դա երկու հիմնական պատճառ ունի, որ ներգրավվում են նոր մարդիկ թմրամոլության ոլորտ, եւ բժշկական ծառայությունների ընդլայնմամբ ու մատչելիությամբ, նոր մեթոդիկայի ներդրմամբ Հայաստանում: Դա մեթադոնային փոխարինող բուժումն է, որը Առողջապության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է որպես բուժման ոսկե ստանդարտ»:

Այսօր նարկոլոգիական կլինիկայում հաշվառված է 32 թմրամոլ կին: Սեմերջյանը, սակայն, ցավով նշեց, որ այս ամիս առաջին անգամ բուժման է դիմել մեկ անչափահաս՝ 14 տարեկան երեխա, ով թմրամիջոցներ սկսել է օգտագործել դեռ 11 տարեկանում:

Սեմերջյանի խոսքով, բուժվող թմրամոլների մոտ 80 տոկոսն իրենց կյանքի որեւէ փուլում կրկին վերադառնում են թմրամոլության առողջապահական, սոցիալական կամ իրավական խնդիրների պատճառով: