Վաշինգտոնը հերքում է Բաքվից հնչող մեղադրանքները

ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նուլանդ

Միացյալ Նահանգները հերքում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ներկայացված մեղադրանքները, որոնց համաձայն` երկրում գործող ամերիկյան ոչ կառավարական կազմակերպություններն իբր ֆինանսավորում են ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը:

Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը երեկ երեկոյան Վաշինգտոնում կայացած ամենօրյա ճեպազրույցի ընթացքում նշել է. - «Ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող ժողովրդավարական նախագծերը չեն ուղղվում կոնկրետ կուսակցությունների կամ որեւէ գաղափարական ուղղության կարիքները հոգալուն»:

Ադրբեջանի իշխանամետ մամուլը պնդում էր, թե Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի Բաքվի գրասենյակը 2 միլիոն դոլար է հատկացրել Ադրբեջանում «ֆեյսբուքյան հեղափոխության» իրականացմանը: