Կեղծված ընտրությունների դեպքում ԲՀԿ-ն չի մասնակցի ավագանու աշխատանքներին

Երեւանի քաղաքապետարանը

Եթե Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները կեղծվեն, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) չի մասնակցի այդ ոչ լեգիտիմ կառույցի աշխատանքներին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը կարծում է, որ իշխանությունները հակված են ընտրակեղծիքների, բայց ոչ իշխանական ուժերը պետք է համատեղեն ջանքերը` դրա դեմ պայքարելու համար:

«Շատ միամիտ կլիներ, եթե ես հիմա հայտարարեի, որ մենք հավատում ենք իշխանությունների հայտարարություններին: Իհարկե, վստահաբար գործի է դնելու իր ողջ լծակները, իհարկե, դեռ ընտրությունները չմեկնարկած մենք ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որոնք մեր շտաբի պատասխանատուները ճշտում են… ահազանգեր, որ տարբեր խանութպան պատգամավորներին պատկանող սուպերմարկետների անգամ նկուղների վրա արդեն գրանցվում են հարյուրավոր մարդիկ, որոնք պիտի որպես ընտրող մասնակցեն ընտրություններին: Ահազանգերը կան, ճշտվում են, երբ վերջնականապես կճշտվեն, մենք կհրապարակենք այդ խանութպան պատգամավորների անունները», - ասաց Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ վերահսկողական խմբեր ձեւավորելու նպատակով այժմ ակտիվորեն համագործակցում են ԲՀԿ-ի, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) եւ ՀՅ Դաշնակցության երիտասարդական կառույցները: Զոհրաբյանն ասաց` «Ժառանգություն»-ը առայժմ կարծես այդ հավաքներին մասնակցելու առանձնակի ցանկություն չի ցուցաբերել: Հիշեցնենք, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ ընտրական գործընթացը վերահսկելու նպատակով համագործակցությունն արդյունավետ է այն դեպքում, եթե համագործակցող ուժերից որեւէ մեկը համագործակցությանը զուգահեռ բարեգործություններով չզբաղվի` ակնհայտորեն ակնարկելով հենց ԲՀԿ-ին:

«Կուսակցությունը բարեգործություն չի անում, սոցիալական ծրագրեր իրականացնում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, իհարկե, ոչ նախընտրական եւ ընտրական փուլում: Մենք օրենք չենք խախտել եւ չենք խախտելու, հիմնադրամը այս ընթացքում որեւէ ծրագիր չի իրականացնելու անհարկի շահարկումներից խուսափելու եւ օրենքի տառը պահպանելու համար», - վստահեցրեց Զոհրաբյանը:

Ավագանու ընտրություններում «Բարեւ, Երեւան» դաշինքով մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունը ողջունելի է համարում առանց օրենքի խախտումների ընտրությունները համատեղ վերահսկելու առաջարկները, բայց ի տարբերություն ԲՀԿ-ի, ընտրությունները կեղծվելու դեպքում բոյկոտի հակված չէ:

«Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք հարցին, ուրեմն այսօր իսկ պետք է հրաժարվենք ընտրություններին մասնակցելուց, որովհետեւ արդեն իսկ վարչական ռեսուրսի անօրինական օգտագործումը, ընտրակաշառք բաժանելու հայտագրումը որպես փաստ առկա է, բայց մենք չենք վախենում իշխանությունների կողմից որեւէ անօրինական քայլից, ուստի մենք պայքարելու ենք մինչեւ վերջ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Բարեւ, Երեւան» դաշինքը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը եւս ավագանու աշխատանքները բոյկոտելու մտադրություն չունի եւ չի վարվի այնպես, ինչպես 2009-ին վարվեց` չվերցնելով ավագանու մանդատները: Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ընդգծեց, որ հիմա, երբ իրենք Ազգային ժողովում են, կարող են կռիվ տալ տարբեր ամբիոններից:

«Այն ժամանակ եթե մենք համաձայնվեինք ընդունել մանդատները, շատ մեծ վտանգ կար, որ համազգային ուժի մակարդակից մենք կհայտնվեինք զուտ Երեւանի տեղական պրոբլեմների մեջ ընդգրկված ուժի մակարդակի: Այսօր մենք նման վտանգ չունենք. կարելի է ունենալ Երեւանում եւ այլ քաղաքներում ներկայություն, եթե դու ներկայացված ես նաեւ Ազգային ժողովում: Այս անգամ բոյկոտելու որեւէ պլան չունենք, բոյկոտելու իմաստը չկա: Եթե ստեղծվի ճգնաժամային քաղաքական իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը փորձեն դիմել բոյկոտի, այդ դեպքում մենք միգուցե բոլորի հետ քննարկենք այդ հարցը, թեեւ այս քաղաքական իրավիճակում բոյկոտի մեջ ես որեւէ իմաստ չեմ տեսնում», - ասաց Զուրաբյանը:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ Դաշնակցության հետ աշխատանքներ են տանում ընտրությունները վերահսկող ինչ-որ միասնական ձեւաչափ ստեղծելու ուղղությամբ:

Դաշնակցությունը եւս բոյկոտի հակված չէ. համենայդեպս, կուսակցությունից մինչ այժմ բոյկոտի վերաբերյալ հայտարարություններ չեն հնչել:

Հավելենք, որ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կարգախոսները հիմնականում հայտնի են: Իշխող Հանրապետականը ընտրություններին մասնակցում է «Ավելի լավ Երեւան» կարգախոսով, ԲՀԿ-ն` «Փոխելու ենք» եւ «Սկսենք Երեւանից» կարգախոսներով, ՀԱԿ-ի կարգախոսն է` «Իշխանությունը` քաղաքացուն», իսկ Դաշնակցությունն ընտրել է «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսը: «Բարեւ, Երեւան» դաշինքը դեռեւս իր կարգախոսը չի հրապարակում: