Դատարանն «անզգույշ սպանություն» է որակել Սեւակ Բալիքչիի մահը

Դարբեքիրի զինվորական դատարանը երեկ հրապարակել է 2011 թվականի ապրիլի 24-ին սպանված շարքային, հայազգի Սեւակ Բալիքչիի գործով դատավճիռը:

Դատարանը մեղավոր է ճանաչել նրա ծառայակից Քինանչ Աղաօղուին անզգույշ սպանություն կատարելու մեջ եւ 4 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտել` փաստորեն հերքելով դիտավորյալ սպանության մեղադրանքը:

Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրը` ապրիլի 24 -ին իր հայազգի ծառայակցին սպանած Աղաօղլուն բանտում կանցկացնի երեք տարի. դատարանը հաշվի է առել այն ժամկետը, որ Աղաօղլուն անցկացրել է կալանքի տակ:

Այսպիսով դատավորը մերժել է տուժողի հարազատների պահանջը` Աղաօղլիին դատապարտել դիտավորյալ սպանության համար: Նրանք կարծում են, որ Սեւակ Բալիքչիի հայ լինելն է դրդապատճառ հանդիսացել ապրիլի 24 -ի օրը նրա սպանության համար: Դատավորը, սակայն, վճռել է, որ հայազգի զինվորը պատահական գնդակից է սպանվել, երբ զինվորները կատակել են զորանոցում:

Զոհվածի ընտանիքը կբողոքարկի այս վճիռը դատական ավելի բարձր ատյաններում: Ընտանիքի փաստաբան Իսմայիլ Հալավուրթը հայտարարել է, որ գործը կտանեն մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան` եթե թուրքական դատարանում իրենց պահանջները չբավարարվեն:

«Մենք վճռական ենք շարունակել մեր իրավական պայքարը», - հայտարարել է զոհված զինվորի հայրը:
Նշենք, որ զինվորական դատախազը` ավելի մեղմ պատիժ էր պահանջել Քինանչ Աղաօղլուի համար` երկուեւկես տարվա ազատազրկում:


Տաթեւիկ Լազարյան