Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ռազմավարության մշակման համար փորձագետները հավաքվել էին Երեւանում

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Հայոց ցեղասպանության ավելի քան քառասուն մասնագետներ աշխարհի ինը երկրներից մարտի 22-ին եւ 23-ին հավաքվել էին Երեւանում, որպեսզի ռազմավարություն մշակեին, թե ինչպես գտնել իրավական հիմնավորումներ ցեղասպանության հետեւանքները վերացնելու համար, հակազդել թուրքական ժխտողականությանը եւ կազմակերպել ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրեր ու թանգարանային ցուցադրություններ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:

Նախագահ Սերժ Սարգսյանը գիտաժողովին հղած իր ուղերձում ափսոսանք էր հայտնել, որ Հայոց ցեղասպանության անպատիժ մնալը ճանապարհ էր հարթել հրեական Հոլոքոսթի համար: Նա հույս էր հայտնել, որ Ցեղասպանության հարյուրամյակն առիթ կհանդիսանա ի ցույց դնելու հայերի միասնականությունն ու հաստատակամությունը ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում, ապահովելու արդարության վերականգնում եւ հաջորդ սերունդներին փոխանցելու պայքարի ու մաքառման նոր եղանակներ: Նախագահը ողջունել էր այն փաստը, որ թուրք հասարակության առավել գիտակից տարրերը քանդում են լռության ու ժխտողականության պատը եւ քննադատաբար մոտենում իրենց երկրի մերժողական քաղաքականությանը:

Նախագահը գիտաժողովի մասնակիցներին հորդորել էր առաջարկություններ ներկայացնել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին:

Ստորեւ ամփոփ ներկայացնում ենք վերոնշյալ գիտաժողովին մասնակցած փորձագետների մեկնաբանությունները.

Իսրայելցի գիտնական Յաիր Աուրոնը քննադատեց Իսրայելի պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, մատնանշելով, սակայն, որ Իսրայելի հասարակության մի ստվար զանգված ընդունում է այն: Հոլոքոսթի ժամանակ նույն ողբերգական ճակատագրին արժանանալով, Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, ասաց պրոֆ. Աուրոնը:

Լոս Անջելեսից պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը Պետական հանձնաժողովին կոչ արեց ձեռնարկել գեղարվեստական եւ մշակութային միջոցառումներ, քան ակադեմիական գիտաժողովներ՝ ավելի շատ մարդկանց գրավելու համար ամբողջ աշխարհում: Նա առաջարկեց ստեղծել համահայկական ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը կշրջի աշխարհով մեկ 2015 թվականի Ապրիլի 24-ից առաջ: Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ թուրքական կառավարությունն ավելի լավ է նախապատրաստվում Հարյուրամյակի միջոցառումների հակազդմանը, քան հայերը՝ դրանց ձեռնարկմանը:

Պետական հանձնաժողովի քարտուղար եւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թանգարանի ընդարձակման ծրագրերը մինչեւ 2015 թվականը:

Նյու Յորքից պրոֆ. Տատրյանը մեկնաբանեց, որ երբ ուրացող պետությունը թույլ է, այն ավելի հեշտությամբ է ընդունում իր ոճիրները: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ ուժեղ երկիր, այն չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, նկատեց Տատրյանը:

Սիրիայի Հալեպ քաղաքից գիտաշխատող Միհրան Մինասյանն առաջարկեց, որ հիշատակման միջոցառումները դիտարկվեն հույների եւ ասորիների հետ միասին: Նա նշեց, որ թուրք ուրացողները չեն մեղադրում այս երկու էթնիկ խմբերի անդամներին ռուսական բանակին միանալու կամ զինված խմբեր ձեւավորելու համար, սակայն նրանք եւս զանգվածային բռնության եւ ցեղասպանության զոհեր դարձան:

Երեւանից պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը բացատրեց, որ հակառակ տարածված կարծիքի, Օսմանյան կայսրությունը եւ ոչ թե Ուրուգվայն է եղել առաջին պետությունը, որը դատավճիռներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1919-1926 թվականներին: Ուրուգվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին:

Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ հռչակագրում՝ թուրքական իշխանությանը նախազգուշացնելով, որ նրանք պատասխանատվություն են կրելու հայկական ջարդերի համար: Նույն կերպ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատարանը պատերազմի նացիստական հանցագործներին մեղադրեց Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե ցեղասպանության իրագործման համար: Վարդանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մշտապես գործող պետական մարմին՝ իրավական հիմնավորումների հետազոտության եւ մշակման ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջները Թուրքիայից միջազգային դատարաններում հետապնդելու համար:

Ստամբուլից նշանավոր թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը հաճախ է բանտարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար, խոսեց «Թուրքիայում աճող ժխտողական արտադրության մասին»: Նա միտք հայտնեց, որ ժխտողականությունը խրախուսում է ահաբեկչությունը Թուրքիայում:

Որպես ցեղասպանության գիտաժողովի մասնակից, իմ ելույթն ավելի «արդարության հետապնդման» մասին էր եւ ոչ թե «ցեղասպանության ճանաչման», որն արդեն հաջողությամբ իրագործել ենք: Արդարության հայեցակարգը ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր պահանջները Թուրքիայից՝ բարոյական, ֆինանսական հատուցում եւ տարածքների վերադարձ:

Ես նաեւ առաջարկեցի Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ որեւէ հատուկ միջոցառում ձեռնարկելուց առաջ նախ հանդես գալ միասնական պատգամով եւ նպատակներով: Այլապես, մենք կարող ենք խառը ուղերձներ հղել Թուրքիային ու միջազգային հանրությանը՝ չհստակեցնելով, թե իրականում ինչ ենք ցանկանում եւ ձգտում իրագործել 2015 թվականի Ապրիլի 24-ին:

Ի վերջո, հայկական պահանջատիրությունը 2015 թվականին չի ավարտվում: Հայերը պետք է համառորեն հետամուտ լինեն Թուրքիայից իրենց արդար պահանջներին՝ մինչեւ Հայ դատի «արդարության» իրագործումը:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի