Հովհաննիսյանը իր առաջարկները կոալիցիա կազմելու եւ պաշտոնի հայց չի համարում

Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրած իր առաջարկները ոչ իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հայտ է համարում էլ, ոչ էլ պաշտոնների հայց:

Նոր արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից զատ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից ղեկավար պաշտոններ է պահանջել գլխավոր դատախազությունում, հարկային եւ մաքսային, ազգային անվտանգության ծառայություններում, արտաքին գործերի եւ կրթության ու գիտության նախարարություններում, վերստուգիչ պալատում, արդարադատության խորհրդում եւ հակակոռուպցիոն հանձնաժողովում. պահանջել է նաեւ 5 մարզպետների պաշտոնանկություն եւ դեռ չի պատասխանել հացադուլը դադարեցնելու եւ արդյունավետ երկխոսություն սկսելու` Սերժ Սարգսյանի այսօրվա հորդորներին:

«Սա ոչ թե պաշտոնների հայց էր, այլ համալիր լուծում, որը ենթադրում էր ժողովրդի հետ իշխանության կիսում», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Արձագանքելով «պաշտոն ուզելու» վերաբերյալ իր հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին` ընդդիմադիր առաջնորդը ասաց. - «Կարող եք նկատել, որ ես չկամ այդ որեւէ մի պաշտոնի տակ: Իմ անունը չկա եւ ոչ էլ իմ ցանկությունը: Այստեղ պաշտոնների հարց չէ, այստեղ ժողովրդին հարգելու հարցն է: Սա նաեւ կոալիցիա մտնելու հայտ չէ, սա իշխանության կողմից ժողովրդի հաղթանակը, ժողովրդի ներկայությունը, ժողովրդի վերածնունդը հարգելու հարց է»:

«Ես ունեմ իմ հավատամքը, ես ունեմ ծրագիր, ես ունեմ ժամացույց եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը եւ ես, իրար հետ խորհրդակցելով, իրար հետ պայմանագիր կնքած արդեն, պիտի տանենք այս պայքարը մինչեւ տրամաբանական եւ հաղթական ավարտ», - խոսելով հացադուլը դադարեցնելու հեռանկարի մասին` ասաց «Ժառանգության» առաջնորդը:

15 օր հացադուլի մեջ գտնվող Հովհաննիսյանը վստահեցնում է, որ լավ է եւ նույնիսկ բժիշկներին թույլ չի տալիս իրեն հետազոտել: