Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին։

Ուրբաթ օրվա հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացնելով իր առաջարկները, հայտարարեց, որ դրանք պայմանագրի տեսքով կուղարկվեն նախագահական նստավայր:

Այսօր արդեն, պատասխանելով այդ առաջարկներին, Սերժ Սարգսյանը, նախագահի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, մասնավորապես, ասել է. - «Շնորհակալ եմ մեր հանդիպման ժամանակ արված իմ առաջարկությունը վերջապես ընդունելու եւ Ձեր մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության եւ պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից եւ ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար»:

«Ինձ ուրախացնում է, որ Դուք ունեք նաեւ ուժեղ ընդդիմությանը հարիր լուրջ վերահսկողական գործառույթների ստանձնման պատրաստակամություն, եւ այդ հարցում մեր կարծիքները կարծես բավականաչափ մոտ են: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք», - նաեւ ասել է Սերժ Սարգսյանը՝ ու հավելել. - «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք եւ մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզեւ շատ հում, շարադրանքը»։