Հովհաննիսյանը Արմեն Մարտիրոսյանին տեսնում է Երեւանի քաղաքապետ

Նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ներկայացրեց իր ձեւակերպմամբ՝ Երեւանի ապագա քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին։

«Ժառանգության» փոխնախագահը կգլխավորի ոչ միայն «Ժառանգության», այլեւ Հայ ազգային կոնգրեսին նախկինում անդամակցող «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈՒԿ, Պահպանողական, «Շրջադարձ» եւ ՀԱՍԿ կուսակցությունների համատեղ ցուցակը, որը կրում է «Բարեւ Երեւան» անունը։

«Ես խորին համոզմունք ունեմ, որ «Բարեւ» դաշինքին հնարավորություն կընձեռվի այդ հաղթանակը իրացնել եւ այդ հաղթանակը մենք մայիսի 5-ին կունենանք», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Ժառանգության» համատեղ ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ավագանու ընտրություններում հնարավորություն ունի՞ հաղթել Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Մարտիրոսյանը հավելեց, թե ոչ թե ինքն է պայքարելու Տարոն Մարգարյանի դեմ, այլ ժողովուրդը այդ ընտրությունների միջոցով պայքարելու է իշխող համակարգի դեմ։

«Ճակատներից սոսկ մեկը»


Իր հերթին, ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի մայիսի 5-ի ընտրություններից, մասնավորապես, ասաց. – «Մենք պարզապես ասում ենք՝ էլի փորձեցին կեղծել, ստել, թագավորել՝ չի լինելու, եւ մենք պայքարը տանելու ենք բոլոր հնարավոր եղանակներով։ Քաղաքապետական ընտրությունների մասնակցությունը չի փոխարինելու մեր համազգային զարթոնքը, բայց լինելու է այդ պայքարի շարունակության ճակատներից սոսկ մեկը»։

Նշենք, որ իշխանությունները, հակադարձելով Րաֆֆի Հովհաննիսյանի այն պնդումներին, թե ընտրությունները փետրվարի 18-ին կեղծվել են, ասում են, թե՝ եթե «Ժառանգության» անդամները, վստահված անձինք կեղծիքներ են արձանագրել, ինչո՞ւ այդ մասին դիմումներ չեն ներկայացրել։ Այդ մասին, մասնավորապես, խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մարտի 18-ին ունեցած հանդիպմանը։

«Իհարկե մենք գիտենք մեր իրականությունը։ 1900 ընտրատեղամասում մենք ունեցանք մեր ներկայացուցիչները։ Նրանց մի մասի մեջ մեր վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները ատամով պահեցին, սպառնալիքի տակ, մեր քվեները։ Ուրիշ տեղեր մարդիկ անմիջական եւ համատարած իշխանական կրիմինալ ճնշման ենթարկվեցին», – հակադարձելով Սարգսյանին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք վերջին օրերին իշխանության ներկայացուցիչները փորձե՞լ են նոր հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ առաջարկ չի ստացել, սակայն վաղը Ազատության հրապարակում կայանալիք իրենց հանրահավաքի ընթացքում ինքն անձամբ Սերժ Սարգսյանին կներկայացնի իր վերջին առաջարկը։

«Վաղը ժամը 6-ին մեր երկրի այս հիմնախնդիրը լուծելու մղումով հրապարակավ կներկայացնեմ մեր մոտեցումները եւ ծրարով կուղարկեմ պարոն Սարգսյանին», – ասաց Հովհաննիսյանը։


Նախկին ՀԱԿ ուժերը՝ «Բարեւ Երեւան» ցուցակում


«Ժառանգությունը» մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի ՀԱԿ նախկին ուժերի հետ քաղաքացիական լայն ճակատով։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, իրենց կուսակցությունը ավագանու ընտրություններում դաշինք է կազմել «Ժառանգության» հետ, քանի որ նախ՝ պաշտոնապես ՀԱԿ դաշինք գոյություն չունի, եւ հետո՝ իրենք ազատ են իրենց գործողություններում։

Ինչ վերաբերում է ԺՈՒԿ–ին, ապա քաղաքական այս ուժի ղեկավար Էմանուել Գասպարյանը մեզ հայտնեց, որ ավագանու ընտրություններին ՀԱԿ ցուցակով չեն մասնակցում, քանի որ ՀԱԿ–ից իրենց որեւէ առաջարկ չեն արել, եւ հետո՝ Հայ ազգային կոնգրեսը ավագանու ընտրություններին մասնակցում է որպես կուսակցություն։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը կուսակցություն է դարձել մոտ 10 օր առաջ, եւ ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը, Արդարադատության նախարարությունում անվանափոխություն է տեղի ունեցել՝ ՀՀՇ–ն դարձել է Հայ ազգային կոնգրես։