Հայաստանում է Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը

Երեկ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության նախարարի օգնական, գեներալ-գնդապետ Վալերի Եվնեւիչի գլխավորած պատվիրակությունը:

Նույն օրը տեղի են ունեցել Եվնեւիչի հանդիպումները Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հայ - ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառի համագործակցության օրակարգի խնդիրներ եւ Հայաստանի տարածքում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի գործունեությանն ու տեղաբաշխմանն առնչվող մի շարք հարցեր:

Այցի շրջանակներում Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը կայցելի 102-րդ ռազմակայան: