Վճռաբեկը որոշում կկայացնի ՀԱԿ-ի ակտիվիստների բողոքի կապակցությամբ

Ձախից՝ աջ. Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը դատարանի դահլիճում, Երեւան, հուլիս, 2012թ.

Այսօր Վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքի կապակցությամբ:

Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այսօր լրանում է ակտիվիստների վճռաբեկ բողոքը քննության առնելու կամ վերադարձնելու վերաբերյալ որոշում կայացնելու վերջնաժամկետը: Բողոքը վերադարձնելու որոշման դեպքում ստորադաս դատական ատյանների դատավճիռները կմտնեն ուժի մեջ, եւ ակտիվիստներից երեքը` 2-3 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Արտակ Կարապետյանը կտեղափոխվեն կալանավայրեր: 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը 2011-ի օգոստոսից անազատության մեջ է:

Իսկ բողոքը վարույթ ընդունելու պարագայում այդ երեք ակտիվիստների նկատմամբ կշարունակի կիրառվել «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը՝ մինչ վերջին դատական այս ատյանի վճիռը:

Ակտիվիստները վճռաբեկ բողոքով պահանջում են արդարացում:


Իրինա Հովհաննիսյան