Իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է

Իրանցի զբոսաշրջիկների խումբը Երեւանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Ժամանակին Նովրուզի օրերին Երեւանի կենտրոնական փողոցներում գերակշռում էին իրանցիները, իսկ այս տարի անգամ տուրիստական ամենաթեժ շրջանում ոչ մի էական բան չփոխվեց:
Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն Ալեքսան Զաքյանի խոսքով` այս պահին տուրիստական հոսքի նվազումը թվերով արձանագրել չեն կարող, բայց վիճակը հասկանալու համար բավական է դուրս գալ փողոց, ակնհայտ է, որ այս տարի Նովրուզի ընթացքում Իրանցի զբոսաշրջիկներից շատ քչերն են եկել Հայաստան:

Զաքյանն ասում է` մի քանի պատճառ կա, որ այս տարի զբոսաշրջիկներից շատերը չնախընտրեցին Հայաստանը:

«Գնի հետ կապված լուրջ խնդիր կա, քանի որ հատկապես այդ օրերին հյուրանոցների եւ սպասարկման գները բարձրանում են, մինչդեռ իրենք չեն ուզում խաբված լինել: Երկրորդ պատճառը հյուրընկալությունն է, եթե հիշում եք վերջերս դեպքեր արձանագրվեցին որոշ ակումբներում, նմանատիպ դեպքերը իրենց արձագանքն են գտնում նաեւ իրանական լրատվամիջոցներում, իսկ այս ամենը լուրջ խոչընդոտ է հանդիսանում իրենց համար», - ասում է Ներգնա տուրօպերատորների միության տնօրենը:

Վիճակը շտկելու համար պետական լուրջ քաղաքականություն է պետք մշակել: Զաքյանի խոսքով` Իրանի կառավարությունը զբոսաշրջությանը աջակցելու նպատակով որոշ երկրների ցանկ ունի, որտեղ այցելելու դեպքում իրանցիները գումարային աջակցություն են ստանում պետության կողմից: Նրա խոսքով, ինչքան էլ որ զարմանալի է, բայց Իրանը աջակցում է, որպեսզի իր քաղաքացիները այցելեն Թուրքիա, իսկ Հայաստան այցելելու դեպքում աջակցությունը շատ չնչին է:

Ալեքսան Զաքյանի խոսքով` իրանական շուկային պետք է լուրջ վերաբերել, եւ ռազմավարություն մշակել ոչ միայն մարտ ամսի, այլեւ ամբողջ տարվա համար, քանի որ ներկայումս չեն օգտագործվում Հայաստանի բոլոր հնարավորությունները:

Ներգնա տուրօպերատորների միության տնօրենն ասաց, որ ամբողջ տարվա կտրվածքով զբոսաշրջիկների մեջ մեծ տոկոս են կազմում Իրանի քաղաքացիները, մինչդեռ ներկայումս ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ոլորտում աշխատող ընկերությունները լուրջ վնասներ են կրում:

Երեւանյան հյուրանոցների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ եթե նախորդ տարիներին այս շրջանում հյուրանոցներում ազատ համարներ չկային, ապա հիմա դրանք գրեթե կիսով չափ ազատ են:

Your browser doesn’t support HTML5

Նվազել է Իրանցի զբոսաշրջիկների թիվը