Անդրիաս Ղուկասյանը քաղաքացիական անհնազանդության կոչ է անում

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյան

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով քվեարկության արդյունքները վիճարկում էր Սահմանադրական դատարանում, կարծում է` դատարանի որոշումից հետո, հետընտրական այս փուլում է իրական ընտրությունը տեղի ունենալու:

«Ավարտվեցին Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված շինծու ընտրությունները: Սահմանադրական դատարանի որոշումը այդ շինծու ընտրությունների գործընթացում դրեց վերջակետ: Այդ օրվանից Հայաստանում սկսվեց իսկական ընտրությունների գործընթացը, որովհետեւ ապրիլի 9-ին մեր հանրությունը պիտի որոշի` ինքը ենթարկվում է այս ոչ թափանցիկ եւ կասկածի ճանապարհով ձեւավորված պետական մարմնին, թե` ոչ», - երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ղուկասյանը:

Խոսքը, մասնավորապես, քաղաքացիական անհնազանդության մասին է, որը, ըստ Ղուկասյանի, Հայաստանի սահմանադրությունը թույլ է տալիս:

«Ամենապարզ միջոցը հարկեր չվճարելն է, եւ եթե առաջին եռամսյակի արդյունքով հարկերը չվճարվեն ռեժիմին, ռեժիմի ապագան կլինի շատ կարճ. հասկանալի է, որ ռեժիմը կարողանում է պահպանել իրեն ի հաշիվ նրան, որ տնօրինում է մեր պետության բյուջեն», - ասաց նախագահի նախկին թեկնածուն:

Եթե անգամ նախագահ Սերժ Սարգսյանը այցելի հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ Ղուկասյանի, կոմպրոմիս այլեւս չի կարող լինել:

«Էապես շատ տարբեր են կողմերի պատկերացումը երկրի անհրաժեշտությունների մասին: Իշխող կուսակցությունը ամեն ինչ անում է իր ձեռքի տակ գտնվող ռեսուրսի տեսակետից. այդ ռեսուրսը իշխանությունն է` «այսպես բաժանենք, թե այնպես բաժանենք», - ասաց նա:

Նախընտրական ողջ քարոզարշավը հացադուլի մեջ անցկացրած Ղուկասյանը այսօր ավելի ուշ Ազատության հրապարակում մասնակցեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած ամենօրյա հանրային քննարկումներին:

Իր ելույթում նա ընդգծեց, որ ապրիլի 9-ը (նախագահի երդմնակալության օրը) փորձաքար է խորհրդարանում ներկայացված ուժերի համար:

«Երկրի նախագահը երդումը տալիս է Ազգային ժողովի նիստին, եւ մեր խնդիրն է, իմ կարծիքով, որ այդ նիստը ապրիլի 9-ին լինի այստեղ, եւ ոչ թե ուրիշ տեղ: Ապրիլի 9-ին, իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք հայտարարել են, որ ժողովրդի կողքին են, լինեն այստեղ: Եթե իրենք լինեն այնտեղ, ուրեմն իրենք հնազանդ են: Այն բոլոր ուժեր, որ ասել են` ժողովրդի կողքին են, դե եկեք, մեզ համար ապրիլի 9-ը այստեղ է որոշվում, այս հրապարակում», - ասաց նա:

Այն, որ արեւմուտքն ու Ռուսաստանը շնորհավորել են Սերժ Սարգսյանին, ըստ Ղուկասյանի, վկայում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժումը չի ուղղորդվում դրսից: