«Իմ այցը Հայաստան հարազատ ընկերոջ այց է». Հուլիո Իգլեսիաս

Իսպանացի հանրահայտ երգիչ Հուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգով հանդես կգա Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այս այցը չէ, որ պիտի ճանաչելի դարձնի ինձ համար Հայաստանը»,- շաբաթ օրը ասուլիսի ժամանակ ասաց Իգլեսիասը, - «Մեր ակցենտը, լեզուն մեծ նմանություն ունեն հայերեն լեզվի հետ: Վերջին 45 տարիների ընթացքում ճանաչել եմ հազարավոր հայերի, որոնք իրենց մշակույթն են փոխանցում ամբողջ աշխարհին: Այդ իսկ պատճառով իմ այցը ոչ թե որեւէ օտար մարդու այց է Հայաստան, այլ հարազատ ընկերոջ այց»։

Հուլիո Իգլեսիասը նշեց նաեւ, որ հայազգի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը իր երկար տարիների ընկերն է:

«Ես նրա հետ եմ մեծացել եւ բազմաթիվ դուետներ ենք միասին կատարել, նրան իմ ավագ եղբայրն եմ համարում», - պատմեց իսպանացի երգիչը։

Իգլեսիասի խոսքով, հոգին ազգություն չունի, եւ ինքը միշտ հոգով է երգում, երկուշաբթի օրն էլ երգելիս կփակի աչքերը եւ կպատկերացնի, որ տիեզերքում է:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե որն է իր երգերի հաջողության գաղտնիքը եւ ինչու են կանայք նրան այդքան սիրում, նա պատասխանեց` չկա նման բան, եւ ինքն է սիրում բոլոր կանանց եւ կարծում է` կանայք զգում են, երբ տղամարդը սիրում է իրենց: