Բազմաթիվ խնդիրներ եւ խախտումներ` բնապահպանության ոլորտում

Բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Երեւանի Մաշտոցի պուրակում, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2012 թվականի տարեկան զեկույցում բնապահպանության նախարարության գործունեության ոլորտում մի շարք խախտումներ է արձանագրել:

Մասնավորապես, ըստ պաշտպանի զեկույցի, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ կապված նախարարության կողմից վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումը եւ փոխադրումը խախտումներով իրականացնելու հետ: Օրհուսի կոնվենցիայից բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրն ըստ էության չի կատարվել, մասնավորապես, չի իրագործվել ոլորտում առկա իրավահարաբերությունների հստակ կարգավորումը, արձանագրում է պաշտպանի զեկույցը: Խիստ մտահոգիչ են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետեւանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերը: Դեռեւս իր լուծումը չի ստացել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի ներկայիս գործունեության լիցենզավորման խնդիրը, ինչի վերաբերյալ առկա են եղել բազում ահազանգեր բնապահպանների կողմից, փաստում է օմբուդսմենի զեկույցը:

Մարդու իրավունքների պաշտպանի բնապահպանական հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը գտնում է, որ 2011 թվականի զեկույցի համեմատ 2012 թվականի տարեկան զեկույցում պաշտպանի բարձրացրած խնդիրները հիմնականում նույնն են մնացել:

«Եթե առաջընթաց չենք տեսնում, փաստորեն ստացվում է, որ այո, առաջարկներին չեն հետեւում եւ բարեփոխումներ նշված խնդիրների ոլորտում չեն իրականացվում», - ասում է Սաֆարյանը:

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը կարծում է, որ օմբուդսմենին զեկույցում խնդիրները «շատ օբյեկտիվ» են ներկայացված. - «Բայց միայն բնապահպանությանը ուղղել այդ հարցերը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ սա համակարգային խնդիր է, թե ինչպես է ընդհանուր մեր կառավարման համակարգը վերաբերվում էկոլոգիական հիմնախնդիրներն»:

Նախարարության թերացումն այն է, որ կառույցն այնքան էլ հետեւողական չէ իր որոշումների իրագործմանը, նկատում է բնապահպանը եւ հավելում. - «Շատ հաճախ նախարարության հետ շփվում ենք, ասում են, որ դեմ են այսինչ որոշմանը, հետո տեսնում ես, որ կամաց-կամաց մեղմացավ եւ ինչ-որ կերպ համաձայնությունը եղավ: Դա նշանակում է, որ նախարարությունը ճնշման է ենթարկվել»:

Ինչ վերաբերում է զեկույցում որպես թերացում նշված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության հետեւանքով տնտեսվարող սուբյեկտների կողմից շրջակա միջավայրին պատճառված վնասի բազմաթիվ դեպքերին, ապա Կարինե Դանիելյանի խոսքով, այդ ամենին պետք է հետեւի նաեւ բնապահպանական տեսչությունը:

«Ցավոք, Հայաստանում կան մի խումբ մարդիկ, ովքեր օրենքից էլ բարձր են, Սահմանադրությունից էլ բարձր են: Անցնում էի մի կանաչ տարածքով, որտեղ կառուցապատում էր իրականցվում, եւ տեսա բնապահպանության նախարարության տեսուչն էր այնտեղով անցնում, ասացի` եկեք միասին մոտենանք: Ինձ հետ երկու քայլ արեց, ասաց` տիկին Դանիելյան, գիտեք` ո՞ւմ կառույցն է, եւ փախավ», - պատմեց Դանիելյանը:

Օմբուդսմենը արձանագրել է նաեւ դրական զարգացումներ: Համաձայն զեկույցի, միջոցներ են ձեռնարկվել հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման իրականացման ինչպես նաեւ օրենսդրությունը Օրհուսի կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. - «Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլեւ քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականությունն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ եւ անթերի մատուցելով»: