Ավելի քան 20 տարի առաջ գահընկեց արված, հայրենիքից վտարված եւ միայն վերջերս Բաքու վերադարձած Ադրբեջանի առաջին նախագահը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում որոշ մանրամասներ է բացահայտել 90-ականների լարված օրերի, արյունալի «Կոլցո» օպերացիայի, ինչպես նաեւ դրանից առաջ ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հետ իր դռնփակ բանակցությունների մասին:
Այազ Մութալիբովը խոստովանել է, որ Ղարաբաղի հարցում Գորբաչովից որոշ զիջումներ կորզելու, մասնավորապես, տասնյակ հայաշատ բնակավայրեր հայաթափելու համար խաղաթուղթ է դարձրել Ադրբեջանում անցկացված հանրաքվեն՝ ԽՍՀՄ կազմում մնալու վերաբերյալ: Հիշեցնենք, 1990 թվականի վերջին Գորբաչովի նախաձեռնությամբ որոշվեց համամիութենական հանրաքվե անցկացնել, ինչին, սակայն, մի շարք հանրապետություններ չենթարկվեցին, այդ թվում՝ Հայաստանն ու Վրաստանը: Ադրբեջանը, մինչդեռ, ոչ միայն անցկացրեց հանրաքվեն, այլեւ դեմ արտահայտվեց սեփական անկախությանը ձայների ավելի քան 90 տոկոսով:
«Ես գիտեի, որ այդ հանրաքվեն որեւէ կարեւորություն իրենից չի ներկայացնում, միեւնույն է, Խորհրդային Միությունը փլուզվում էր, եւ գործընթացը գնալու էր մինչեւ վերջ: Ուղղակի պետք էր օգտվել այդ հնարավորությունից, եւ ես հանրաքվեից մեկ օր անց ցույց տվեցի արդյունքները Գորբաչովին՝ ասելով՝ «տե'ս, ադրբեջանի ժողովուրդը արդարացիորեն վիրավորված է քեզնից, այդուամենայնիվ, քվեարկել է ԽՍՀՄ պահպանման օգտին»: Ասացի, որ այս փաստաթուղթը որոշակի գին ունի: Գորբաչովը հարցրեց՝ ո՞րն է այդ գինը, եւ ես պատասխանեցի՝ Ձեր կողմից կարգադրություն կա, որը չի իրագործվում, մաքրե՛ք Ղարաբաղը զինյալներից», - պատմել է Մութալիբովը:
Հենց այս խոսակցությունից շաբաթներ անց, ըստ Մութալիբովի, Գորբաչովը հավանություն է տվել, որ Ադրբեջանում տեղակայված զինվորական ստորաբաժանումները` հատուկ ջոկատայինների հետ, տանկերով ու զրահատեխնիկայով օղակի մեջ առնեն երկու տասնյակից ավելի հայկական գյուղեր: Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով իրականացված գործողությունը, հիշեցնենք, ավարտվեց հազարավոր հայերի բռնի տեղահանմամբ ու զոհերով:
«Իրականում Ղարաբաղի զինաթափման ու անձնագրային ռեժիմ մտցնելու մասին որոշումը գոյություն ուներ վաղուց, սակայն միայն թղթի վրա: Սա ես առաջին անգամ եմ ասում», - խոստովանել է Այազ Մութալիբովը եւ հավելել, որ հայերի համար խիստ վտանգավոր այս կարգադրությունը թղթի վրա էր մնացել՝ ամերիկահայերի գործադրած ջանքերի շնորհիվ:
«1991 թվականին ես զրուցեցի ամերիկացի նախկին հետախույզների հետ, որոնք հետեւում էին Բաքվում տիրող իրավիճակին, խնդրեցի, որպեսզի նրանք ինձ փոխանցեն մի նամակի պատճեն: Այդ նամակը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին էին հասցեագրել 40 հայամետ կոնգրեսականներ՝ կոչ անելով, որպեսզի նա ճնշում գործադրի Գորբաչովի վրա եւ թույլ չտա կյանքի կոչել այդ կարգադրությունը», - ասել է Ադրբեջանի նախկին նախագահը:
Չնայած այդ ճնշումներին, ըստ Մութալիբովի, Ադրբեջանում անցկացված հանրաքվեից հետո պաշտոնական Բաքուն կարողացել է կոտրել Գորբաչովի դիմակայությունը եւ զորք մտցնել հայաշատ բնակավայրեր:
«Նրանք մաքրեցին 24 գյուղ ավազակներից: Տեր-Պետրոսյանը շատ էր տխրել, ասաց, որ չի ների ինձ դրա համար, եւ ես այդ ժամանակ հասկացա, որ նրանք՝ հայերը վրեժխնդիր են լինելու», - ասել է Մութալիբովը:
Ըստ Մութալիբովի, սրան հետեւել են մի շարք իրադարձություններ, այդ թվում ՝ 1991 թվականի նոյեմբերին Բերդաշենի մերձակայքում ադրբեջանական ուղղաթիռի կործանումը, որի արդյունքում զոհվեցին Մութալիբովի մերձավոր աջակիցները, ինչպես նաեւ Խոջալուի դեպքերը:
«Անընդունելի էր իմ հրաժարականը կապել Խոջալուի հետ, դա շատ ազդեց ինձ վրա, ես չէի սպասում, որ ինձ կմեղադրեն ցեղասպանության մեջ, այդ պնդումները տարածվեցին ամենուր եւ վերածվեցին հսկայական արգելապատնեշի, որը հաղթահարել ես չկարողացա», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը: