Վեհափառը շնորհավորել է նորընտիր Պապին

Արգենտինա - Կարդինալ Բերգոլիոն եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Բուենոս Այրեսի հայկական եկեղեցում, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանցիսկոս Պապին` Հռոմի եպիսկոպոս եւ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` շնորհավորագրում, մասնավորաբար, ասվում է. - «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջույնները եւ շնորհավորանքները: [...] Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն եւ արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ»:

«Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր Եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարեւորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր եւ մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով, կրթական եւ բարեսիրական բազում ծրագրերով», - նորընտիր Պապին գրում է Վեհափառը` շարունակելով. - «Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան եւ զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջեւ ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջեւ երկխոսության եւ բարեկամության…»: