Նոր ցուցահանդես Գաֆեսճյան արվեստի կենտրոնում

Ներկայացված են 14 ցուցանմուշներ: Արվեստագետները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից են. երկրներ, որտեղ գուցե ամենից շատն է զարգացած քաղաքային, մարդու բնակության «արհեստական» միջավայրը, իսկ բնության հետ շփումը հասցված է նվազագույնի:

Բոլոր աշխատանքները ցուցադրում են բնության գեղեցկությունը, որոնց կենտրոնում երեւի աշխարհի ամենաուրբանիզացված քաղաքներից մեկի կինետիկ պատկերն է, Նյու Յորքի 7-րդ ավենյուն՝ իր բարձրահարկերով, աղմկոտ մեքենաներով ու փոշոտ փողոցներով:

«Որը ներկայացված է ի հակադրություն այս հանդարտությանը կենդանական աշխարհի գեղեցկությանը եւ բնությանը», - ասաց Գաֆեսճյան արվեստի կենտրոնի մարքեթինգի եւ հանրային կապերի տնօրեն Լիլիթ Սոխակյանը:

Հարցին՝ ինչո՞ւ չկան հայ արվեստագետների ստեղծագործություններ, Լիլիթ Սոխակյանը պատասխանեց, որ տվյալ ցուցադրությունը Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուից է, որտեղ չկան հայ ստեղծագործողների աշխատանքներ, սակայն ապագայում կկազմակերպեն նաեւ հայ արվեստագետների ցուցահնադես:

«Մեկուսացում. Ուրբանիզացիան հակընթաց բնությանը» ցուցադրությունը կտեւի մինչեւ մայիսի 5-ը :