Օմբուդսմենը թերացումներ է արձանագրում ՊԵԿ գործունեության ոլորտում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այսօր հրապարակել է Օմբուդսմենի 2012 թվականի տարեկան զեկույցից մի հատված Պետեկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:

Զեկույցում, մասնավորապես, մտահոգիչ են որակվել «բազմաթիվ դեպքերը», երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաեւ ձեռնարկատիրական գործունեությամբ: Նշվում է, որ հստակ եւ արդյունավետ միջոցներ չեն ձեռնարկվել ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսում էականորեն նվազեցնելու ուղղությամբ: Փաստաթղթում արձանագրված է նաեւ, որ 2012 թվականին գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ հարկային մարմնի աշխատակիցները, ստուգումներ իրականացնելիս, առանց բավարար հիմնավորումների եւ/կամ պատճառաբանության վերցրել են հարկատուների աշխատավայրում գտնվող իրերը: Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու դեպքում եղել են ողջամիտ ժամկետների նախատեսման մի շարք խախտումներ: ՊԵԿ-ի կողմից հարկային եւ մաքսային ոլորտին վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ չեն կազմակերպվել ձեռնարկատերերի կամ այլ շահագրգիռ անձանց հետ պատշաճ հանրային քննարկումներ: Արձանագրվել են հարկային եւ մաքսային ծառայողների կողմից տնտեսվարողների հետ շփման ընթացքում էթիկայի եւ վարքագծի կանոնների խախտման մի շարք դեպքեր:

Միեւնույն ժամանակ, նախորդ՝ 2011 թվականի զեկույցի համեմատ որոշակի բարելավումներ են արձանագրվել․ պարզեցվել են ավելացված արժեքի հարկի գծով հարկային հարաբերությունները, առանձին ապրանքների ակցիզային հարկի հաշվառման եւ գանձման պրակտիկան, պրոգրեսիվ եկամտահարկի համակարգ է ներդրվել, ներդրվել են նոր էլեկտրոնային գործառական համակարգեր, որոնք հեշտացնում են հարկատու - պետեկամուտների մարմին հարաբերությունները:

«Բայց միեւնույն ժամանակ մի շարք խնդիրներ, որոնք եղել են անցած տարվա զեկույցում, շարունակում են մնալ: Օրինակ՝ հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների ոչ հարգալից վերաբերմունքը հարկատուների նկատմամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Տաթեւիկ Խաչատրյանը:

Ի թիվս Պետեկամուտների կոմիտեին ուղղված այլ առաջարկների, Մարդու իրավունքների պաշտպանը խորհուրդ է տալիս ՊԵԿ-ին զգոն լինել եւ պատասխանատվության ենթարկել այն աշխատակիցներին, որոնք զբաղվում են ձեռնարկատիրությամբ:

«Հետո կառաջարկեինք ավելի ակտիվ եւ արդյունավետ կերպով պայքարել՝ նվազեցնելու համար ստվերային տնտեսությունը հատկապես խոշոր բիզնեսի ոլորտում: Կոչ ենք անում Պետեկամուտների կոմիտեին ավելի քիչ ընդունել անձի գույքը արգելանքի տակ դնելու որոշումներ, ինչպես նաեւ հստակեցնել նախաձեռնվող օրենքի մեջ փոփոխություններ կատարելու նախագծերում ողջամիտ ժամկետները», - նաեւ ասաց Տաթեւիկ Խաչատրյանը: