Թուրքիայում փոքրամասնությունների ներկայացուցիչները սպանվում են անչափահասների ձեռքերով

Թուրքիայում վերջին տարիների ընթացքում ազգային, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունները նույն ձեռագիրն ունեն՝ սպանություն կատարողները անչափահասներ են:

Այս դիտարկումն արվել է Մալաթիայում սպանված հրատարակիչների դատական գործի ընթացքում:

Դատավոր Հայրեթին Կիսան ասել է. - «Տրապիզոնում Հայր Սանտորոյին սպանած հանցագործը 17 տարեկան էր, նույնը եւ Հրատ Դինքի մարդասպանը, Մալաթիայի «Զիրվե» հրատարակչությունում կոտորած իրականացրած հինգ հանցագործները նույն տարիքին են»:

Փաստաբան Էրդալ Դողանը ասել է, թե դատավորի հայտարարությունը ցույց է տալիս, թե նա որքան լուրջ ընդունում մեղադրական եզրակացությունը:

«Ագոսի» խմբագիրներից, լրագրող Բագրատ Էստուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի օրենքներով անչափահասները ավելի մեղմ պատիժ են ստանում եւ այդ պատճառով է, որ նշված հանցագործությունների մեջ «անչափահասներ են շահագործվում»:

Նրա խոսքերով, բոլոր այդ ոճիրները կազմակերպված ոճիրներ են, հատկապես Մալաթիայի հանցագործության մասին հայտնի դարձավ, որ այն կատարվել է զինվորական իշխանությունների կարգադրությամբ:

«Նույն երեւույթը առաջացավ Հրանտ Դինքի սպանության գործի ժամանակ, բայց քանի որ դատարանը չկարողացավ փաստել այդ համոզումը, խնդիրը մնաց անհատական»,- ասաց Էստուկյանը, ընդգծելով. – «Դրանք կազմակերպված, ծրագրված, պատրաստված ոճիրներ են»:

Թուրքիայի վճռաբեկ դատարանը շարունակում է Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչների մասով ուսումնասիրությունը։ «Ագոսի» խմբագիրներից Բագրատ Էստուկյանը հույս ունի, որ գործն ամբողջապես կբացահայտվի, բայց միաժամանակ նա նշեց, որ դատարանի արդար վճիռների համար քաղաքական իշխանության կամքն է պետք:

«Այստեղ արդար դատավարության մասին խոսելը կարելի չէ: Դատավորներն էլ կաշկանդված են: Վերջին հաշվով այս բոլորը քաղաքական կեցվածքների հետեւանքով ուղղություն կստանան, այլ ոչ թե օրինական, արդար կշիռի (արդարադատության) հետեւանքով»,- նշեց Էստուկյանը, մանրամասնելով.- «Եթե երկրի քաղաքական մթնոլորտը թելադրի, որ այսպես պետք է լինի, ապա դատական ընթացքը դրան զուգահեռ կընթանա: Այս երկրի մեջ, այս բնույթի դատերը միշտ այդպես եղած են»:

2006 թվականին կաթոլիկ քահանա հայր Սանտորան սպանվեց երբ ծնկաչոք աղոթում էր, նրա վրա կրակել է 16-ամյա բարձրդասարանցի:

2007-ի հունվարին «Ագոս» թերթի խմբագրատան դիմաց, գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը գնդակահարվեց 17-ամյա ազգայնականի կողմից:

2007-ի ապրիլին Մալաթիայում քրիստոնեական գրքեր հրատարակող «Զիրվե» հրատարակչությունում մեկ գերմանացի եւ երկու թուրք հրատարակիչներ խոշտանգումների ենթարկվեցին մի խումբ անչափահասների կողմից, որոնք խոշտանգելուց հետո կտրել էին նրանց կոկորդները:

Վերջին հանցագործության մեջ մեղադրվողներից մեկը՝ նախկին գեներալ Հուրշիթ Տոլոնը, անցնում է նաեւ «Էրգենեկոնի» գործով:

Turkish Daily News պարբերականը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիա կատարած իր վերջին այցելության ընթացքում Բողոքական եկեղեցիների միության նախագահ Ումութ Շահինից հետաքրքրվել է, թե արդյոք գոհ են «Զիրվե» հրատարակիչների գործի ընթացքից:

Այս գործի փաստաբաններից Էրդալ Դողանը թերթին ասել է, որ Գերմանիան շատ կարեւոր դեր ունի այդ հանցագործությունը բացահայտելու համար, բայց հեռվից գործին հետեւելը բավարար չէ: Մեղադրական եզրակացությունում փաստաթղթեր կան, որոնք հստակ ցույց են տալիս Էրգենեկոնի հետքեր Գերմանիայում, ինչպես նաեւ անօրինական գումարների հոսք:

Փաստաբանի կարծիքով գործի առաջընթացի համար Գերմանիայի իրավապահները պետք է կիսվեն այդ տվյալներով ու փաստաթղթերով: