Բարոզո. Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը չի օգնի խաղաղ գործընթացին

Եվրամիությունն աջակցում է Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն արձագանքելով ադրբեջանական «Եվրոպա-Ադրբեջան Միություն» լոբբիստական կազմակերպությունից ստացած նամակին, մասնավորապես, գրել է. - «Այդ օդանավակայանից թռիչքների իրականացումը չի օգնի խաղաղ գործընթացին»։

Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ անելով գործել միջազգային իրավունքի շրջանակներում՝ Բարոզոն նաեւ նշել է. - «Այդ օդանավակայանի գործարկումը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի փոփոխությանը խոչընդոտելու համար»:

Հիշեցնենք՝ 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հուլիսին ԵԱՀԿ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում անդրադարձել են Ստեփանակերտի օդանավակայանի խնդրին, մտահոգություն հայտնելով, որ դրա վերագործարկումը կարող է սրել իրավիճակը հակամարտության գոտում։