Գուրգեն Մարգարյանի հարազատները արդարություն են պահանջում Եվրադատարանում

Հունգարիա -- Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիա Հունգարիայի խորհրդարանի դիմաց։ Ցուցարարները պարզել են Գուրգեն Մարգարյանի եւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի լուսանկարները, Բուդապեշտ, 4–ը սեպտեմբերի, 2012թ.

2004 թվականին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատներն ակնկալում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հատուկ միջոց կկիրառի Ադրբեջանին արտահանձնված ու այդ երկրում հերոսացված մարդասպանին՝ Ռամիլ Սաֆարովին, երրորդ երկիր տեղափոխելու եւ պատժի կատարումը շարունակելու համար։

Եվրադատարանում Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների եւ նույն դասընթացների մասնակից Հայկ Մակուչյանի շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փետրվարի 28-ին Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ ՄԻԵԴ ներկայացված անհատական գանգատում նաեւ մի քանի հարց է բարձրացվել, մասնավորապես` դատավարական ասպեկտով կյանքի իրավունք է վիճարկվում.- «Այս մասով է, որ գտնում ենք, որ երկու պետություններն էլ թույլ են տվել լուրջ թերացումներ: Մասնավորապես` կյանքի իրավունքի պաշտպանությունը պետք է ենթադրեր, որ հանցագործը ոչ միայն դատապարտվեր ազատազրկման, այլ նաեւ դատարանի կողմից արդարացի համարվող պատիժը կրեր մինչեւ պատժի ավարտը»:

Փաստաբանի խոսքով, մեծ ուշադրություն է դարձվել նաեւ այն խնդրին, որ սպանությունը կատարվել է էթնիկ հողի վրա, ավելին` մարդասպանի ներումը դարձյալ պայմանավորված էր տուժողի ազգային հատկանիշով. - «Եթե սպանությունը կատարված չլիներ հայ ազգի ներկայացուցչի դեմ, ապա նմանատիպ խրախուսական միջոցների չէր արժանանա հանցագործը»:

Ավելի վաղ, հիշեցնենք, Հայաստանի արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանն էր հայտնել` այս փուլում պետությունը որեւէ մասնակցություն չի ունենալու:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք այս գործն ավելի մեծ հնչեղության չէր արժանանա եւ հետագա ընթացքն ավելի արդյունավետ չէր լինի, եթե գանգատ ներկայացնողը ոչ թե անհատը լիներ, այլ Հայաստանի Հանրապետությունը, Սիրանույշ Սահակյանն արձագանքեց, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրավունքների պաշտպանության տեսանկյունից մեխանիզմի արդյունավետությունն ամենեւին պայմանավորված չէ սուբյեկտային առանձնահատկությամբ:

Փաստաբան Սիրանուշ Սահակյանի ասուլիսը

Փաստաբանը, այդուհանդերձ, հավելեց. - «Բայց պետք չէ բացառել կամ թերագնահատել Հայաստանի Հանրապետության դերակատարումը այս գործով, որովհետեւ Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ դիմել է Հայաստանի քաղաքացին: Եվ Եվրոպական դատարանը որպես երրորդ կողմ բոլոր դեպքերում ներգրավելու է Հայաստանի Հանրապետությանը, քանի որ կա ինֆորմացիա, որին տիրապետում է պետությունը եւ այս ինֆորմացիան դատարանին տրամադրելը կնպաստի գործի բազմակողմանի քննությանը»:

Նշենք, որ գործն առայժմ վարույթ չի ընդունվել, ընդունվելուց հետո էլ առաջիկա մեկ տարում գործի շրջանակներում զարգացում չի սպասվում:

Դեպքը, Սահակյանի պնդմամբ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աննախադեպ է եւ այդ պատճառով սպասելիքներ կան, որ դատարանի գնահատականները պետք է սուր լինեն. - «Ավելին, այս գործը կունենա ընդհանուր արժեք մարդու իրավունքների ստանդարտների զարգացման առումով»:

Հարցին` իսկ ինչ լծակներ կարող է Եվրադատարանը կիրառել Ադրբեջանի նկատմամբ, փաստաբանը պատասխանեց. - «Սանկցիաները կարող են բազմազան լինել` քաղաքական, տնտեսական, ընդհուպ մինչեւ անդամակցության դադարեցում»: