Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Նյու Յորքում գործող «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերությունը (VOATV NY), մարտի 2-ին իր երկրորդ ամենամյա դրամահավաք ճաշկերույթն անցկացրեց Նյու Ջերսիի Քլիֆսայդ պարկի «Փալիսադիում» սրահում: Այդ հանդիսության առիթով, հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը մեծարեց՝ գրող եւ Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին, դրամատուրգ, ռեժիսոր եւ դերասան դոկտ. Հրանտ Մարգարյանին եւ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:
Միջոցառման հանդիսավար Հայկ Քոչարյանի բացման խոսքից եւ «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերության նախագահ դոկտ. Արամ Գազազյանի ողջույնի խոսքից հետո, դափնեկիրներին ներկայացրեցին ՀԲԸՄ-ի Այլընտրանքային կրթության տնօրեն Նատալի Գաբրիելյանը, մանկավարժ եւ ինժեներ Հարություն Միսերլյանը եւ «ԱՄՆ հայ կյանք» պարբերականի հրատարակիչ Աբո Ջաբարյանը: Շնորհավորական ուղերձով հանդես եկան արվեստագետ Վիկի Շողակ Հովհաննիսյանը եւ «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերության գործադիր տնօրեն եւ հանդիսավար Կարինե Քոչարյանը:
Հարութ Սասունյանն իր շնորհակալական ելույթում, ներկա գտնվող 300 հյուրերի հետ կիսեց իր խորապես արմատավորված համոզմունքները՝ հիմնված 40 տարիների քաղաքական գործունեության եւ համայնքային ներգրավվածության վրա: Նա հույս հայտնեց, որ ստորեւ ներկայացված խորհուրդները կամրապնդեն եւ կհզորացնեն աշխարհասփյուռ հայությանը.
1. Խրախուսել կանանց մասնակցությունը համայնքային գործունեության բոլոր ոլորտներում: Քանի որ կանայք կազմում են հայ ժողովրդի կեսը, երբ հնացած խոչընդոտներն հաղթահարվեն, հայերը կարող են արագորեն կրկնապատկել իրենց ընդհանուր ռեսուրսներն ու հնարավորությունները:
2. Ներգրավել երիտասարդությանը հասարակական գործունեության բոլոր միջոցառումներում՝ հանձնարարելով նրանց հատուկ պարտականություններ, քանի որ նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան: Եթե այսօր հայերին չհաջողվի իրենց ձեռքբերումներն ու գործունեությունը փոխանցել գալիք սերունդներին, ապա նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն:
3. Յուրաքանչյուր հայի վերաբերվել որպես ընտանիքի անդամի՝ անկախ անձնական տարաձայնություններից կամ սոցիալական, քաղաքական եւ կրոնական պատկանելության կամ ծագման երկրի տարբերություններից: Հայերը միմյանց հետ պետք է վարվեն ինչպես հավասարը հավասարի հետ: Ոչ մի խտրություն չպետք է դրվի սփյուռքահայի եւ հայաստանցու միջեւ:
4. Հրաժարվել որոշ հայերի կողմից ժառանգված օսմանյան եւ սովետական մտածելակերպից: Թեեւ նրանք վաղուց լքել են Օսմանյան կայսրությունը, եւ վերջերս էլ՝ Խորհրդային Միությունը, կարծես թե այդ մտածելակերպերի հետադիմական ազդեցությունը դեռ չի լքել նրանց:
5. Oգնության ձեռք մեկնել Հայաստանի եւ Արցախի ժողովրդին, անկախ նրանց ղեկավարության վերաբերյալ տեսակետների տարբերությունից: Նախագահներն ու վարչապետները ժամանակավոր են, մինչդեռ Հայրենիքը հավերժ է:
6. Միշտ ձգտեք համախմբում կազմել եւ ոչ թե տարաձայնություն առաջացնել: Եղեք միավորող, այլ ոչ թե բաժանող: Հիշեք հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»: Իդեալական կլինի, եթե սփյուռքն ունենա ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչություն՝ հայերին հավաքելով մեկ հովանու ներքո:
7. Աջակցել համայնքի բոլոր կազմակերպություններին, լինեն դրանք սոցիալական, մշակութային, կրոնական թե քաղաքական բնույթի, ապահովելու համար Սփյուռքի գոյատեւումը: Հզոր Սփյուռքը՝ ուժեղ եւ ապահով Հայաստանի ողնաշարն է:
8. Մերժել անկարողության եւ ստորակայության զգացումները եւ վերացնել բոլոր պարտվողական դիրքորոշումները: Անհատապես եւ հավաքականորեն, հայերը կարող են իրականացնել իրենց արդարացի ձգտումները, եթե միասնաբար աշխատեն հանուն իրենց համընդհանուր նպատակների: Միայն միասնական եւ ուժեղ մնալով նրանք կարող են հաղթահարել բոլոր հակառակորդներին եւ դժվարությունները: Եթե հայերը կարողանան կարգի բերել իրենց հարազատ տունը, ապա նրանք կարող են հեշտությամբ դիմակայել արտաքին բոլոր սպառնալիքները:
9. Վերջապես, Հայոց ցեղասպանության գալիք հարյուրամյա տարելիցի կապակցությամբ աշխարհասփյուռ հայությունը՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները, ինչպես նաեւ Սփյուռքը, պետք է համախմբվեն մեկ ընդհանուր ուղերձի շուրջ՝ Թուրքիայից իրենց պահանջների առումով: Հայաստանը եւ Սփյուռքի համայնքները չպետք է առանձին եւ տարբեր պահանջներ ներկայացնեն՝ շփոթության մեջ գցելով իրենց համակիրներին ու հակառակորդներին: Միակ բառը, որն ընդգրկում է համահայկական պահանջը Թուրքիայից՝ «Արդարությունն» է, որը ներառում է Հայ ժողովրդի բարոյական, ֆինանսական եւ տարածքային հատուցումը:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի