Հարգանքի տուրք՝ Վազգեն Սարգսյանին

Armenia -- People visit Yerablur military cemetery on the occasion of Vazgen Sargsyan’s birthday, Yerevan, 05Mar2013

Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Եռաբլուր» պանթեոն այցելեցին եւ սպարապետի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար Մանվել Գրիգորյանը:

«Եռաբլուրում» այսօր բազմամարդ էր. մոտ 2 հազար պատանիներ երդվելով դարձան Երկրապահ կամավորականների միության անդամներ:

Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո Ազգային ժողովի նախագահը լրագրողներին փոխանցեց. - «Պատահական չէ, որ ժողովրդի մոտ մնաց Վազգեն Սարգսյանը որպես Հայոց սպարապետ։ Ասում են, որ ինքը մեծ ներդրում ունի մեր պետականության, մեր բանակաշինության գործում, եւ մենք այսօր բոլորս եկել ենք շնորհավորելու մեր սպարապետի ծննդյան օրը»։

Այսօր «Եռաբլուրում» էին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Եթե Վազգեն Սարգսյանն այսօր ներկա լիներ, ստեղծված վիճակից դուրս գալու համար նրա հույսը ժողովուրդը կլիներ: Այսօր ժողովուրդն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, ուրեմն իմ տեղը ժողովրդի կողքին է, չնայած արտաքին քաղաքական ու երկրի կառավարման հարցերում «Ժառանգության» առաջնորդի հետ ունենք գաղափարական տարաձայնություններ»,- լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Արամ Սարգսյանը:

Նրան խնդրեցինք արձագանքել, թե ինչ կարող է ասել մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, որ «Հանրապետություն» կուսակցությունը նպատակ ունի իր շուրջը ստեղծել ընդդիմադիր նոր բեւեռ եւ որ այդ բեւեռը լինելու է արեւմտամետ կողմնորոշմամբ:

«Հանրապետություն» կուսակցությունը միշտ կողմնակից է եղել համագործակցության, շուրջի խնդիր երբեք չի դրել եւ այդ առումով ամբիցիոզ չենք, որ մեր շուրջ... նման խնդիր չկա», - ասաց Սարգսյանը, – «Իսկ ինչ վերաբերում է արեւմտամետ ներկայացմանը, երբ որ ես ասում եմ ես դեմ եմ 49 տարով հայ–ռուսական պայմանագիր կնքելուն, ես դեմ եմ Հայաստան դեսանտայիններ ուղարկելուն, ես կատեգորիկ դեմ եմ ընդհանուր մաքսային սահմանին, ու այն մարդիկ, ովքեր դա չեն ասում, ու դա չասելով հանդերձ ինձ արեւմտամետ են համարում, դա կեղծ ազգայնականություն է ինձ համար։ Ինձ համար մեկ արժեքը այս երկրի անկախությունն է, անկախ բոլոր երկրներից սեփական շահը հետապնդելը։ Դժբախտաբար այն մարդիկ, ովքեր ուզում են ինձ հակադարձել, իրենց ազգայնական են համարում, ինձ արեւմտամետ։ Իսկապես այդպես չէ»։

«Գաղափարական առումով, այո, ես արեւմտամետ եմ», – եզրափակեց նա։