Հովհաննիսյանը խոստանում է քննադատներին մինչեւ կիրակի պատասխան տալ

Your browser doesn’t support HTML5

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն համոզված է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, թե «Ժառանգության» ղեկավարը գործողությունների ծրագիր չի առաջարկում հրապարակում հավաքված ժողովորդին, մինչեւ այս կիրակի կստանան իրենց պատասխանը եւ մարտի 10-ից հետո «այլեւս նման բաներ չեն ասի»:

«Ես իմ բաժին պատասխանը կտամ այսօրվանից մինչեւ հաջորդ կիրակի օրը, եւ կարծում եմ նրանք, ովքեր սրտացավ են, լայնախոհ, նաեւ իմ նման պատրաստ են ինքնամաքրման, այլեւս նման բաներ չեն ասի կիրակի օրվանից հետո», - այսօր «Եռաբլուր» պանթեոնում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը «Եռաբլուր» էր այցելել հարգանքի տուրք մատուցելու Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին, ում ծննդյան 54-րդ տարեդարձը լրացավ այսօր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում «Ժառանգության» առաջնորդը զբաղեցրել է երկրորդ տեղը` ստանալով քվեների 36.74 տոկոսը: Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների արդյունքները կեղծված է համարում եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել դրանք:

Վերջին օրերին «Ժառանգության» առաջնորդը ակտիվ քննարկումների մեջ էր ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ նորություններ կան այդ առումով, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը բաց է հաղորդակցության բոլորի հետ եւ շարունակում է խորհրդակցությունները։

«Ժառանգության» առաջնորդը անդրադարձավ նաեւ օրվա խորհրդին` հայտարարելով, թե չի կարծում, որ բացահայտված են 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակները: