Վրաստանի նախագահը եւ վարչապետը հանդիպեցին

Սաակաշվիլիի եւ Իվանիշվիլիի առաջին հանդիպումը խորհրդարանական ընտրություններից հետո, Թբիլիսի, 9-ը հոկտեմբերի, 2012թ.

Թբիլիսիում` Վրաստանի պետական գրասենյակում, այսօր կայացել է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի երկրորդ հանդիպումը անցած տարվա հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` փակ հանդիպումից հետո Սաակաշվիլին «հետաքրքիր» է որակել այն։

«Առաջին հերթին, հանդիպումը Բիձինա Իվանիշվիլիի հետ միշտ շատ հետաքրքիր է։ Հետաքրքիր` նշանակում է այն, որ գոյություն ունեն հիմնարար տարբերություններ մեր հայացքների միջեւ, եւ մեզնից ոչ մեկը դա չի թաքցնում։ Կարծում եմ, որ որքան էլ բարդանա իրավիճակը` մենք պետք է զրուցենք։ Ճիշտն այն է, որ նման թեմաների շուրջ մենք խոսենք միմյանց հետ բաց, այլ ոչ թե հեռուստախցիկների, բաց նամակների եւ Facebook-ի միջոցով», - հայտարարել է Վրաստանի նախագահը։

Վրացական պետության երկու ղեկավարների հանդիպման նպատակը խորհրդարանական մեծամասնության` Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների քննարկումն էր։