Նախարար. «Շռայլորեն տրվող խոստումներն այլ թեմայից են»

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադառնում է իր ղեկավարած ոլորտի հրատապ խնդիրներին:

Նախարարի փոխանցմամբ, այժմ անցկացվում է ոլորտում իրականացվող ծրագրերի գնահատման մոնիթորինգ. - «Երբ ունենանք այդ մոնիտորինգային ցուցանիշները, դա նաեւ հասու կլինի յուրաքանչյուրին, եւ հնարավոր կլինի օբյեկտիվորեն գնահատել: Բայց կարծում եմ, որ եթե սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի առումով մենք վերցնենք այն հետազոտությունները եւ ուսումնասիրությունները, որոնք արված են, դրանք վկայում են, որ դրանք ուղղված են առաջին հերթին խոցելի խմբերին: Նույնիսկ կենսաթոշակային ծրագիրը, որն ամենամեծ ծախսային ծրագիրն է, դրա ծածկույթը շուրջ 80 տոկոս է»:

«Այլ խնդիր է, որ ուզում ենք ավելի լավ պայմաններ ստեղծել, ավելի բարձր կենսամակարդակ ապահավել», - շարունակեց նախարարը` ավելացնելով, որ խնդիրները պետք է լուծվեն, առաջին հերթին, զբաղվածության ապահովման միջոցով. - «Աշխատունակ անձը չպետք է պետությունից նպաստ ակնկալի»:

Հիշեցնենք, որ ըստ 2014-ից սկզբից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, 1974 թվականից հետո ծնված յուրաքանչյուր քաղաքացի իր աշխատավարձի 10 տոկոսը ստիպված է փոխանցել կուտակային իր հաշվեհամարին եւ այդ գումարը կկարողա գործածել միայն կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո: Դիտարկմանը, թե չկա երաշխիք, որ տարիներ անց այդ փողերը չեն փոշինա` հաշվի առնելով հավանական գնաճը եւ այլ գործոնները, նախարարն արձագանքեց, թե «ռիսկեր եղել են եւ կլինեն», իսկ հարցն այն է, թե որքանով են այդ ռիսկերը կառավարելի:

«Այսօր այդ սոցիալական արդարության էլեմենտը բացակայում է, որովհետեւ կապ չկա աշխատավարձի, կատարած վճարի եւ կենսաթոշակի վճարի միջեւ: Այդպիսի առարկայական կապ ունենալու համար առաջարկվել է համակարգը` միեւնույն ժամանակ պահպանելով պետական երաշխիքները», - նշեց Ասատրյանը:

Դիտարկմանը, թե անցած նախագահական ընտրություններում թեկնածուների համար սոցիալական խնդիրները շահեկան խաղաքարտ էին. դրանց հավանական լուծումներ առաջարկելով` նախագահի թեկնածուները փորձում էին ձայներ հավաքել, նախարարն արձագանքեց. - «Եթե հնարավոր լիներ, որ 2013 թվականին արդեն իսկ բարձրացվեր կենսաթոշակները, բոլորիս հասկանալի է, որ իշխանությունները առաջին հերթին հենց դա պիտի անեին: Որովհետեւ դա նախընտրական տարվա կամ ընտրական տարվա առումով բավականին լավ քայլ կհամարվեր: Բայց հասկանալի է, որ այն մակրոտնտեսական միջավայրի ցուցանիշները, որոնք կան, այն ռեսուրսները, որոնք կան, այսօր թույլ չեն տվել այդ քայլը անել: Հետեւաբար խոստումները, որոնք տրվում են շռայլորեն, այլ թեմայից են»: