Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Մինչ Հայաստանը փորձում է հաղթահարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների հետեւանքները եւ պատշաճ լուծում գտնել ավելի աշխուժացած ընդդիմության հետ, հարեւան Ադրբեջանն ու Թուրքիան խճճվել են փոխադարձ մեղադրանքների մեջ հայկական ընտրությունների շուրջ:
Մեկ տարի առաջ, «Ո՞վ է իշխում Թուրքիայում՝ Էրդողանը, թե՞ Ալիեւը» վերնագրով իմ խմբագրականում զարմանքս էի արտահայտել, որ Թուրքիան թույլ է տալիս Ադրբեջանին շարունակաբար խառնվել իր ինքնիշխան քաղաքականությանը, ինչպես Հայ - թուրքական արձանագրությունների դեպքում: Այժմ երկու թարմ օրինակներ կան թուրքական որոշումների կայացման գործում Ադրբեջանի անթույլատրելի միջամտության մասին:
«Թուրքական ավիաուղիները» հազիվ էր հայտարարել, որ «Ակոս» երկլեզու՝ հայերեն եւ թուրքերեն շաբաթաթերթը կտրամադրի իր միջազգային չվերթներից օգտվող ուղեւորներին, երբ ադրբեջանցի պրոֆեսոր եւ քաղաքական մեկնաբան Ֆիքրեթ Սադիխովը բողոքեց դրա տարածման դեմ՝ այն անվանելով «բացարձակ անհեթեթ եւ անպատասխանատու քայլ»:
Սադիխովը նաեւ բողոքեց, որ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: «Նման քայլերը կարող են մեծ ցավ պատճառել թե' Թուրքիային, թե' Ադրբեջանին», - ասել էր Սադիխովը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը: Պրոֆ. Սադիխովի բողոքը մաս է կազմում ադրբեջանցի ղեկավարների կազմակերպած այն մեծ արշավի, որով նրանք մեղադրում են Թուրքիային՝ Արցախի հարցում տարածքային զիջումներ կատարելու համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու իրենց ջանքերը խափանելու մեջ:
Ահա ադրբեջանցի ղեկավար պաշտոնատարների կողմից նախագահ Գյուլին ուղղված որոշ առարկությունները.
- «Թուրքիան պետք է պարզաբանի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի կողմից իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու հարցը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Նովրուզ Մամեդովը:
- «Դա մեզ ցավ է պատճառում…. Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Հայաստանին արված քաղաքավարության բոլոր նշանները նրա կողմից օգտագործվում են այլ նպատակներով», - հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքտայ Ասադովը:
- «Դա մեզ համար անսպասելի էր…. Ցավալի է, որ Ադրբեջանի ռազմավարական գործընկեր Թուրքիայի նախագահը հապշտապ շնորհավորել է Սարգսյանին, որն ընտրվել է խախտումների հետեւանքով», - հայտարարել է խորհրդարանի պատգամավոր եւ «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլին:
- «Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի շնորհավորական ուղերձ հղելը նախքան արդյունքների պաշտոնական հրապարակումը սխալ քայլ է: Սա Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականության շարունակությունն է: Սակայն, ըստ էության, այդ քաղաքականությունը ձախողվել է: Այդ քաղաքականության պատճառով Թուրքիայի հարաբերությունները տարածաշրջանի պետությունների մեծ մասի հետ լարված են: Բացի այդ, Թուրքիայի նախագահի շնորհավորանքը Սարգսյանին հակասում է Ադրբեջանի շահերին: Այն դեպքում, երբ միջազգային հանրությունը կարծիք է հայտնում, որ Հայաստանում գոյություն ունի ոչ լեգիտիմ իշխանություն, թուրքական կառավարությունը Հայաստանի ղեկավարության լեգիտիմությունն է հաստատում: Դա սխալ է եւ ցավալի», - հայտարարել է Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր վարչության անդամ Արիֆ Հաջիլին:
- «Եթե որեւէ մեկը կարծում է, որ այս քայլերի շնորհիվ Հայաստանը կամ հայերը հրաժարվելու են այսպես կոչված ցեղասպանությունից եւ տարածքային պահանջներից, ապա սխալվում են», - հայտարարել է «Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրաթ Հասանգուլիեւը:
- «Նախագահ Գյուլի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին հապճեպ որոշում էր», - հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր եւ Ադրբեջան - Թուրքիա միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Նիզամի Ջաֆարովը:
- «Թուրքիան իր այս քայլով չի արժանանա միջազգային հանրության դրական գնահատականին: Դրանում Թուրքիան կարող է վստահ լինել: Սերժ Սարգսյանին շնորհավորելը հապճեպ քայլ էր: Այն չի բխում ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի ազգային շահերից», - հայտարարել է Խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամալին:
- «Սերժ Սարգսյանը Թուրքիայի թշնամին է: Նա Թուրքիային մեղադրում է այսպես կոչված Հայոց ցեղասպանության համար եւ տարածքային պահանջներ ներկայացնում: Անհասկանալի է, թե ինչու է Աբդուլա Գյուլն առաջիններից մեկը շնորհավորել Սարգսյանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Սա անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Վաֆա Գուլուզադեն:
Թուրքիայի արտգործնախարարությունը, Թուրքիայի որոշումներում Ադրբեջանի անտեղի միջամտությունը սանձելու փոխարեն, երկչոտաբար պարզաբանել է, որ նախագահ Գյուլի շնորհավորական ուղերձը նախագահ Սարգսյանին եղել է «դիվանագիտական քաղաքավարության եւ բարի կամքի դրսեւորում»: Գյուլը Սերժ Սարգսյանին շնորհավորել էր նաեւ 2008 թվականի նախագահի առաջին ընտրությունների ժամանակ:
Դեռ ինչքա՞ն ժամանակ է պետք ամենազոր թուրքական կառավարությանը, որն իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական ազդեցությունն է տարածում ամենուրեք, հանդուրժելու Ադրբեջանի հաճախակի միջամտությանը Թուրքիայի քաղաքականության մեջ: Ե՞րբ պետք է Անկարան համարձակվի Բաքվին ասել, որ նա զբաղվի իր գործով եւ պարզաբանի, որ Թուրքիան իր ազգային շահերը չի ստորադասի Ադրբեջանի եսակենտրոն ցանկություններին:
Հայաստանի բախտը բերել է, որ մինչ նա քննարկում է նախագահական ընտրությունների հետեւանքների հարցը, նրա թշնամի հարեւաններ Ադրբեջանն ու Թուրքիան զբաղված են միմյանց մեղադրելով:
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի