ԲՀԿ-ն արդարացի է համարում հետընտրական հանրահավաքները

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) այսօր հանդես է եկել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որում անդրադարձել է հետընտրական զարգացումներին եւ իշխանություններին կոչ արել զսպվածություն ցուցաբերել:

«Հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ», - ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց հայտարարում է ԲՀԿ քաղաքական խորհուրդը. - «Հասարակության լայն զանգվածների դժգոհությունը խոսում է այն մասին, որ երկրում կուտակված բազմաթիվ խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։ Յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը»:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այսօր հարցրեցինք, թե իշխանության ներկայացուցիչները համոզմուքն են հայտնում, որ անցած նախագահական ընտրություններն ազատ էին ու արդար, մինչդեռ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ ընտրությունները կեղծված են, ի՞նչ դիրքորոշում ունեն ԲՀԿ-ում:

«ԲՀԿ-ում կարծում են, որ ճիշտ այնպես, ինչպես կարծում է ժողովուրդը: Մարդիկ, ովքեր այսօր ոտքի են ելել, ոտքի են ելել տարրական կենսակերպ կազմակերպելու անհնարինության պատճառով: Մարդիկ այսօր արտահայտում են բողոք, դժգոհություն, ցասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սա են կարծում ԲՀԿ-ում: Նախագահի ընտրությունները առիթ էին, որպեսզի հայաստանցիները այդ դժգոհությունը արտահայտեն», - ասաց ԲՀԿ-ի խոսնակը:

ԲՀԿ-ն դեկտեմբերին հրաժարվել էր թեկնածու առաջադրել նախագահական այս ընտրություններին եւ սատարել թեկնածուներից որեւէ մեկին: Որոշումից հետո, սակայն, ԲՀԿ որոշ ներկայացուցիչներ հայտարարեցին, թե աջակցելու են գործող նախագահ, Հանրապետականի թեկնածու Սերժ Սարգսյանին:

ԲՀԿ-ի քաղխորհուրդը իր այսօրվա հայտարարությամբ նաեւ կոչ էր արել Հայաստանի իշխանություններին «ցուցաբերել զսպվածություն»:

«ԲՀԿ-ն զգուշացնում է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետեւանքների: Իսկ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին եւ մասնակիցներին կոչ է անում բոլոր գործողությունները անցկացնել օրենքի շրջանակներում», - ասված է հայտարարությունում:

Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ում կարծո՞ւմ են, որ իշխանությունները կարող են ուժ կիրառել բողոքի ակցիաների դուրս եկած քաղաքացիների նկատմամբ, կուսակցության խոսնակը պատասխանեց. - «Ուզում եմ հուսալ, որ ոչ, բայց միշտ հնարավոր է ամենասարսափելին: Մենք մտահոգ ենք, եւ մտահոգ ենք ցանկացած հնարավոր զարգացման հնարավոր տարբերակով»:

ԲՀԿ քաղխորհրդն այսօր քաղաքական ուժերին ուղղված կոչով է հանդես եկել. - «Խորապես գիտակցելով կուտակված լրջագույն խնդիրների, երկրի առաջ ծառացած մարտահրավերների ողջ ծավալն ու բարդությունը՝ ԲՀԿ-ն կոչ է անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերին ձեռնամուխ լինել ժողովրդավարական, քաղաքական, տնտեսական անհետաձգելի բարեփոխումների մեծ օրակարգ ձեւավորելուն, դրանց իրականացման ճանապարհային քարտեզի մշակմանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստ է իր ողջ ռեսուրսները տրամադրել այս գործընթացի կազմակերպման եւ իրականացման համար»:

Հարցին, թե ի՞նչ է նշանակում այդ ձեւակերպումը, արդյոք ԲՀԿ-ն նպատակ ունի՞ ձեւավորել ընդդիմադիր ուժերի միավորում, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. - «Ինչ քաղաքական ուժեր, որ համաձայնեն, ինչ քաղաքական ուժեր, որ միանան արագ այդ օրակարգի մշակմանը, ինչի մասին մենք խոսում էինք նաեւ նախագահական ընտրություններից առաջ, միասնական օրակարգի մշակում` փոփոխությունների համար, փոփոխություններ, որոնք շոշափելիորեն եւ արագ տեսանելի կդառնան քաղաքացու համար: Թե ովքեր կմիանան, ի՞նչ կերպով այն կիրականացվի, ես կարծում եմ, հայաստանցուն հետաքրքրում է երկրորդ հերթին, բայց եթե եւ երբ դա տեղի ունենա, անշուշտ բոլորը կիմանան»:

Ի դեպ, արդեն նախագահական ընտրություններից հետո, երբ լրագրողները փորձել էին ճշտել, թե շնորհավորե՞լ է արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին, Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը փոխանցել էր, թե նա Հայաստանում չէ, այդ իսկ պատճառով տեղեկատվություն չկա՝ շնորհավորել է, թե` ոչ:

Այսօր Տիգրան Ուրիխանյանից փորձեցինք ճշտել, թե ընտրություններից արդեն մեկ շաբաթ անց ի վերջո ԲՀԿ առաջնորդը շնորհավորե՞լ է Սերժ Սարգսյանին կամ շնորհավորելու՞ է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վստահ եմ, ավելի շատ հետաքրքրում են քաղաքական ուժերի, մասնավորապես, ԲՀԿ-ի, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդի` իրենց կյանքի փոփոխությանն ու բարելավմանն ուղղված գործողությունների իրականացումը, այլ ոչ թե տարբեր անձանց, թեկուզ քաղաքական գործիչների միջեւ արարողակարգային հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը», - ասաց նա: