Բուհերի ուսանողները դասադուլ են հայտարարել

Your browser doesn’t support HTML5

Դասադուլ անելու կոչով այսօր տարբեր բուհերի ուսանողներ հավաքվել էին Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց:
Նրանք պահանջում էին անվավեր ճանաչել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ, իրենց կարծիքով, անտեսվել է իրենց ձայնը: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահական ընտրությունների պաշտոնական վերջնական արդյունքները, ըստ որոնց հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իմ քաղաքացիական խոսքն եմ ասում: Ըստ ինձ` քաղաքացու հանդեպ բռնի ուժ է կիրառվել, այդ պատճառով դուրս եմ եկել բողոքի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը:

«Միացում» «Ազատ, անկախ ուսանող» վանկարկելով ուսանողները շարժվեցին դեպի մյուս համալսարանները՝ հորդորելով մյուս բուհերի ուսանողներին եւս միանալ իրենց: Նրանցից մի քանիսը նշեցին, որ երբ համալսարաններում իմացել են, որ իրենք միանում են դասադուլին, ճշտել են նրանց անունը, ազգանունը եւ սպառնացել հեռացնել նրանց:

«Երբ իմ կուրսեցիներին ասում էի, որ դասադուլ եմ անելու, մեր համալսարանի ոստիկանը լսեց դա, հետո հետեւել է իմ կուրսեցիներին, այնուհետեւ դեկանատից մատյանով ճշտել են իմ անունը եւ ազգանունը եւ դեկանատում ասել են, որ այդ աղջիկը կարող է խնդիր ունենա», - ասաց ուսանողներից մյուսը:

ԵՊՀ-ից հետո ուսանողները շարժվեցին դեպի Պետական տնտեսագիտական եւ բժշկական համալսարաններ: Այս երկու բուհերում դարպասները փակ էին, բուհի ուսանողներից ոմանք ասում էին, որ դասադուլ անող ուսանողները խանգարում են իրենց դասապրոցեսը:

Բժշկական համալսարանում երկու ուսանող բարձրացան դարպասի վրայով եւ ցատկեցին դուրս՝ միանալով դասադուլ անող ուսանողներին: Դարպասով բարձրանալու ընթացքում տղաներից մեկի գրպանից բջջային հեռախոսը ընկավ, ըստ երեւույթին բուհի անվտանգության աշխատակիցներից մեկը վերցրեց այն եւ ասաց, որ ուսանողը այն կստանա միայն, երբ գա իր սենյակ:

Ուսանողները շարունակեցին շարժվել դեպի Ագրարային համալսարան, որտեղ նրանց միացավ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հայտարարում է, թե ինքն է «ընտրված նախագահը»: Նա ողջունեց ուսանողների հավաքը` կրկին ընդգծելով, որ դա ցույց է տալիս, որ պայքարը իր եւ Սերժ Սարգսյանի միջեւ չէ, այլ որ դա ժողովրդի պայքարն է:

Ուսանողների երթը շարունակվեց դեպի Ճարտարագիտական համալսարանն: Այստեղ ուսանողների մի մասը մի քանի շարքով կանգնել էր համալսարանի դռների դիմաց` կարծես ընդդեմ դասադուլ անող ուսանողներին: Հարցին ինչո՞ւ են նրանք կանգնել բուհի մուտքի դիմաց, Ճարտարագիտականի ուսանողները պատասխանեցին, որ կանգնել են, որպեսզի չխաթարվի դասապրոցեսը:

Որոշ ուսանողներ չէին կարողանում դուրս գալ համալսարանից, քանի որ անվտանգության աշխատակիցները փակել էին դռները, դուրս գալուց հետո ուսանողները փոխանցեցին, որ իրենց ասում էին, որ իրենք բանալի չունեն: Թե ինչո՞ւ էին փակ համալսարանի դռները Ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը պատասխանեց, որ «բուհի դռները միշտ բաց են» եւ այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեն, կարող են դուրս գալ:

Ուսանողների վերջնակետը ԿԸՀ-ն էր, որտեղ կրկին կոչեր հնչեցին՝ չօրինականացնելու փետրվարի 18-ի ընտրությունները: Նրանք հավելեցին, որ դասադուլը առայժմ անժամկետ է, իրենց խոսքով «մինչեւ հաղթանակ»: