Հովհաննիսյանը «ուժեղ, աննահանջ պայքարի» կոչ է անում

Աշտարակից այսօր իր մարզային հանրահավաքները սկսած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների նախնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը (Ապարանից, Ստիպակից, Վանաձորից հետո) դրանք ավարտեց Գյումրիի թատերական հրապարակում անցկացրած բազմամարդ հանրահավաքով:

Գյումրիում, ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների, Րաֆֆի Հովհաննիսյանը մոտ 2.5 անգամ ավելի քվե է ստացել, քան գործող նախագահը: Երեկ, հիշեցնենք, հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

«Ես եկել եմ այսօր Գյումրի, որովհետեւ Գյումրին որոշեց Հայաստանի Հանրապետության ապագան եւ հաղթանակը», - հավաքվածների ջերմ ծափողջույնների ներքո ասաց Հովհաննիսյանը: - «Ժողովուրդը ասում է վերջապես, որ սա իմ քաղաքն է, սա իմ երկիրն է, եւ ես տերն եմ այստեղ: Այնքան ցավ, այնքան տապապանք, այնքան մահ այնքան ողբերգություն տեսած Գյումրին այսքան տարի անց ասում է, որ ես այլեւս չեմ վաճառվում»:

«Ոչ մի նախորդ նախագահ, ոչ մի ընդդիմադիր կամ մարզպետ կամ քաղաքապետ, գյուղապետ կամ պաշտոնյա մեզանից չի տանելու այս հաղթանակը: Գյումրին վերադարձել է, Շիրակի մարզը վերադարձել է, Հայաստանի Հանրապետությունը վերադարձել է մեր երկիր եւ մեր ժողովրդին: Շիրակի մարզպետը հրաժարական պիտի տար ոչ թե նրա համար, որ ինքը չկարողացավ հաղթել ժողովրդին… Ժողովուրդը հաղթեց իրեն», - հայտարարեց նա` եզրափակելով. - «Հրաժարական բոլոր հանցագործների, եւ պատասխանատվություն հայ ժողովրդի եւ մեր Սահմանադրության առաջ: Ես վերջնագրերով չեմ խոսում եւ ուլտիմատում չեմ տալիս, բայց արդեն թող ակնհայտ լինի իմ կողմից հարգված երրորդ նախագահին, որ ժամանակը եկել է, որ իշխանությունը փոխանցի Հայաստանի ժողովրդին… Ով ուզում է անցյալի մեջ ապրել, թող անցյալ գնա: Մենք գնում ենք դեպի նոր, ապագա Հայաստան»:

Նշենք նաեւ, որ ինչպես Վանաձորում, այնպես էլ Գյումրիում ոստիկանությունը պարբերաբար նախազգուշացնում էր հավաքվածներին, որ հանրահավաքներն արտոնված չեն:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը տարածեց մի հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է. - «Փետրվարի 23-ին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը առանց իրազեկման հավաքներ է անցկացրել Աշտարակ, Ապարան, Սպիտակ, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում: Վաղը, կրկին առանց իրազեկման, հավաք է կազմակերպվելու Երեւանի Ազատության հրապարակում: ՀՀ ոստիկանությունը շեշտում է, որ ապօրինի հավաքների անցկացումը կարող է հանգեցնել անկառավարելիության, իրավունքների չարաշահման, բախումների, տարաբնույթ իրավախախտումների, երբ այլեւս հնարավոր չի լինի ապահովել դրանց բնականոն եւ խաղաղ ընթացքը»:

Այնուհետեւ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում «Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կողմնակիցների հետ քննարկելու վերոհիշյալ հարցերը` տեղեկացնելով նրանց իրենց այդ բնույթի գործողությունների հնարավոր հետեւանքների մասին»: