Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ժամով հեռացավ Ազատության հրապարակից

Your browser doesn’t support HTML5

Ազատության հրապարակում գտնվող «Ժառանգություն» կուսակցության առաջանորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գիշերն այցելեց նախագահի մեկ այլ թեկնածու` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքում Հովհաննիսյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, Բագրատյանը` երրորդ, սակայն երկու թեկնածուներն էլ չեն ընդունում այդ արդյունքները` համարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

Ազատության հրապարակում Հովհաննիսյանի ու Բագրատյանի առանձնազրույցը տեւեց մոտ կես ժամ, ինչից հետո «Ազատություն» ռադիոկայանը Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ մասին էին խոսում:

«Մենք քննարկեցինք Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը պահանջում է համապարփակ լուծում, եւ այդքանը», - փոխանցեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողների հարցերին` նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Բագրատյանը միանալու է իրեն, մասնավորապես` մասնակցելո՞ւ է արդյոք հինգշաբթի օրը ծրագրված հանրահավաքին, «Ժառանգության» առաջնորդը արձագանքեց. - «Այդ հարցը պիտի տայիք պարոն Բագրատյանին։ Ես պատասխանեցի` ինչի մասին խոսեցինք։ Այդ հարցի աղբյուրը ինքն է։ Նման բան չքննարկեցինք, քննարկեցինք ստեղծված վիճակը, ողջունեցի իր այցելությունը Ազատության հրապարակ` իմ գործընկերն է, մեծ ավանդ ունի Հայաստանի պետական շինարարության գործում, եւ ինքը նույնպես մտահոգ է այսօրվա ստեղծված վիճակով, որը գրեթե պայթյունավտանգ է»։

Հովհաննիսյանը հավելեց, որ Բագրատյանից բացի մնացած չորս ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկը վերջին ժամերին չի եկել Ազատության հրապարակ ու չի հանդիպել իր հետ, եւ պարզ չէ, թե նրանցից որեւէ մեկը կմիանա՞ արդյոք փետրվարի 21-ի հանրահավաքին:

Բագրատյանը իշխանության եւ ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ցանկություն է տեսնում


Չնայած «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին` Հրանտ Բագրատյանը, այնուամենայնիվ, չցանկացավ որեւէ բան հայտնել, թե ինչի մասին են խոսել «Ժառանգության» ղեկավարի հետ: Բայց Ազատության հրապարակից Բագրատյանի հեռանալուց հետո կարճ ժամանակ անց Facebook-ի նրա էջում հայտնվեց հայտարարություն, որում, մասնավորապես ասված է. - «Իշխանության եւ ընդդիմության թեկնածուների մեջ երկխոսելու ու բանակցելու ցանկություն եմ տեսնում։ Այդ կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ նստել բանակցությունների սեղանի շուրջը եւ փորձել իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել։ Այլապես հետագա էսկալացիայից ու բախումներից խուսափելն անհնարին կլինի»:


Հովհաննիսյանը մի քանի ժամով լքեց հրապարակը


Բագրատյանի հետ հանդիպումից որոշ ժամանակ անց` գիշերը ժամը 1:30-ի կողմերը Րաֆֆի Հովհաննիսյանը իր կողմնակիցներին հայտարարեց, թե մի քանի ժամով պետք է բացակայի Ազատության հրապարակից` եղբորը ճանապարհելու համար, որից հետո երեք հոգու ուղեկցությամբ գնաց հրապարակից, որտեղ շարունակեցին մնալ նրա աջակիցները։

Առավոտյան Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում էր եւ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե գիշերն անցել է առանց միջադեպերի:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հրապարակում տեսավ պարեկություն իրականացնող մոտ մեկ տասնյակ ոստիկանների:


«Կենթարկվեմ ժողովրդի պահանջին»


«Ազատություն» ռադիոկայանի հետ գիշերը տեղի ունեցած զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. - «Հերթապահում ենք մեզ պատկանող մեր հրապարակում, որպեսզի հնարավորության դեպքում վաղը դիմավորենք պարոն Սարգսյանին եւ քննարկենք ժողովրդի ներկայությամբ մեր ազգի, մեր պետության առջեւ կանգնած հիմնախնդիրները։ Այդ հիմնախնդիրների մեկը եւ հիմնականը այն է, որ ժողովրդին պատկանող հաղթանակը եւ իշխանությունը վերադարձնել իրեն»։

«Ես ինքս այն մարդն եմ, որ գնահատում եմ բոլորին եւ այդ թվում պարոն նախագահին` մեծ ավանդի համար, որ ունեցել է ազգային ազատամարտում, պետական շինարարության գործում։ Ուղղակի ժողովուրդը այսօր ուրիշ որոշում է կայացրել, եւ այնքան մեծ խախտումներ եղել են համատարած, որ ակնհայտ է, որ ժողովրդի հաղթանակը փորձում են գողանալ», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։

«Եթե հանդիպումը չկայանա, եւ իշխանության հանձնումը ժողովրդին տեղի չունենա, ի՞նչ քայլեր են մեզ սպասում, ի՞նչ է պատրաստվում անել Րաֆֆի Հովհաննիսյանը», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ ես մի մասնիկն եմ համազգային այս թեկնածության, որը բերել է հաղթանակ մեր ժողովրդին եւ հանրապետությանը։ Ես ժողովրդի մասնիկն եմ, ես իմ տեսակետը ունեմ, իմ առաջարկը կանեմ, բայց նաեւ կենթարկվեմ ժողովրդի պահանջին։ Եվ այսօր կարծես թե ժողովուրդը, հավաքվելով այստեղ` բնական, առանց ավտոբուսների, առանց ուղղորդման, ինքը ձեւավորում է քաղաքացիական քաղաքական իր օրակարգը, որին ես կմասնակցեմ եւ որին նաեւ ես կենթարկվեմ»։