ԱՄՆ-ը համաձայն է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացությանը

Վիկտորիա Նյուլանդ, արխիվ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտի խոսնակը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայաստանյան ընտրություններին։
Վիկտորիա Նյուլանդը երեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները կիսում է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդների նախնական գնահատականը, որի համաձայն` Հայաստանում փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները հիմնականում լավ էին կազմակերպված, հիմնարար ազատությունները, այդ թվում` հավաքների եւ կարծիք հայտնելու իրավունքը, երաշխավորված էր։

Նյուլանդի փոխանցմամբ` մամուլը հավասարակշռված է լուսաբանել ընտրությունները։ Քվեարկությունը խաղաղ էր եւ կանոնավոր։

Միաժամանակ, Նյուլանդը նշել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները մտահոգություն են հայտնել հանրային ծառայության աշխատողների որոշակի կողմնակալության, ինչպես նաեւ վարչական լծակների կիրառման կապակցությամբ, որի արդյունքում դժվար էր դառնում միմյանցից զատել պետության եւ իշխող կուսակցության գործառույթները։

«Եղել են ընտրական գործընթացին անհարկի միջամտության դեպքեր, այդ թվում` գործող նախագահին սատարողների կողմից, գրանցվել են մի շարք լուրջ խախտումներ, եւ ակնհայտ է, որ դրանք հարկ է հետաքննել, ինչի մասին կոչ է արել ԺՀՄԻԳ-ը», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։