ԱՊՀ դիտորդները ընտրությունը «ազատ, բաց եւ մրցակցային» են գնահատում

Հայաստանի նախագահական ընտրությունները դիտարկող ԱՊՀ դիտորդները հայտարարում են, որ ընտրությունները լեգիտիմ էին, գործող նախագահն էլ վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ԱՊՀ դիտորդական առաքելության անդամները ներկայացրեցին ընտրությունների վերաբերյալ իրենց գնահատականներով հաստատված փաստաթուղթը:

Նրանք իրենց արձանագրած խախտումները համարում են տեխնիկական բնույթի՝ հայտարարելով, որ դրանք անցել են ազատ, բաց եւ մրցակցային: Այս մասին հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդևը:

«Ընտրությունները անցել են Հայաստանի սահմանադրության ու ընտրական օրենսգրքի համապատասխան», - ասաց նա` շարունակելով. - «Կասկած չկա, որ ընտրությունները լեգիտիմ էին, գործող նախագահը վերահաստատեց իր լիազորությունները լեգիտիմ ճանապարհով»:

Լեբեդեւը նաեւ նշեց, որ արձանագրված խախտումները չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա: Նա բավարար գնահատեց ընտրությունների նախապատրաստումն ու ընթացքը՝ նշելով, որ Ընտրական օրենսգիրքը երաշխավորել է ազատ ընտրությունների անցկացումը:

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Լոզովիկն իր հերթին նշեց, որ ինքը, որպես ընտրական գործընթացների մասնագետ, կարծում է, որ արդյունքների ամփոփման վերաբերյալ կասկածներ չպիտի լինեն, քանի որ նախապատրաստական աշխատանքներն անցել են լավ, իսկ ընտրությունները մրցակցային էին: Լոզովիկը հայաստանցիներին մաղթեց ընտրական ժողովրդավարություն՝ կարծիք հայտնելով, թե պետք է հեռու մնալ հանրահավաքային ժողովրդավարությունից:

«Իշխանությունն ընտրվում է ոչ թե հանրահավաքներում, այլ ընտրություններում», - ընդգծեց ոչ ժողովրդավար երկիր համարվող Բելառուսի դիտորդը:

Երեկ, սակայն, տեղական դիտորդները ահազանգել էին բաց քվեարկությունների, լցոնումների դեպքեր: Արարատի մարզում, օրինակ, տեղի դիտորդները արձանագրել էին լցոնումների դեպքեր, երբ «մոտ 50 տղամարդիկ մտել էին տեղամաս, խոչընդոտելով դիտորդների աշխատանքը, թույլ չտալով որեւէ կերպ նկարահանել, անգամ ձեռքերը բռնելով, լցոնել էին 300-400 քվեաթերթիկ»:

ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան «Ազատություն» ռադիոկայանին ասում էր, սակայն, որ իրենց դիտորդները, որ եղել են Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ քաղաքներում, նման ահազանգեր չեն ստացել:

«Գուցե այդ պահին մեր դիտորդներն այնտեղ չէին», - ասաց նա:

ԱՊՀ դիտորդները, ամփոփելով իրենց գնահատականները, նշեցին, որ թեկնածուների միջեւ առկա էր կոռեկտության մթնոլորտ եւ չկար 2008 թվականի նախագահական ընտրությունների լարվածությունը: