Լցոնումների մասին հաղորդում՝ 17/5 ընտրատեղամասից

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Համբարձումյանի խոսքով, այսօր ժամը 16։00-ի սահմաններում 25-30 երիտասարդներ ներխուժել են Աշտարակի թիվ 17/5 ընտրատեղամաս, մեկուսացրել իրեն եւ դիտորդին եւ լցոնում կատարել։ Այսօր «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին այսպիսի բացատրություն էր տալիս Արտակ Համբարձումյանը Արտաշատի ոստիկանության պետ, փոխգնդապետ Լաերտ Գրիգորյանին եւ մի քանի այլ ոստիկանների։

Նույն տեղամասում «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ դիտորդ Նարինե Էսմաելին պատմեց, որ ականատես է եղել, ինչպես են 25-30 տղա ներս մտել ընտրատեղամաս, իրեն մի կողմ հրել, հեռացրել նաեւ Համբարձումյանին եւ մոտ 300 թերթիկ լցրել քվեատուփի մեջ։

Արտաշատի ոստիկանապետը «Ազատության» ռադիոկայանին փոխանցեց, որ Արտակ Համբարձումյանի բացատրությունների միջոցով պետք է պարզվի, թե ինչ է կատարվել, քանի որ դիտորդը հրաժարվեց բացատրություններ տալ։

Հանձնաժողովի նախագահ Մարինե Դավթյանը վկայեց, որ միջադեպի պահին տեղում չի եղել:

«Ճակատագրի հեգնանք էր, թե ինչ․․․ կողքի շենքում ապրում է սկեսուրս ծանր հիվանդ։ Ես երեք ժամը մեկ իրեն սրսկում եմ։ Քարտուղարին խնդրեցի՝ ասացի ես մի հատ սրսկում եմ շուտ գամ։ Շատ խաղաղ էր տեղամասը», - պատմեց նա։

Հանձնաժողովի մյուս անդամներն ասացին, որ խառը իրավիճակում չեն տեսել, թե ինչ է կատարվել:

Թիվ 17/5 ընտրատեղամասում լցոնումների վերաբերյալ լուրերից հետո ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանն ասաց, թե որեւէ տեղամասից, այդ թվում՝ թիվ 5-ից, բողոք չի ստացել:

ԲՀԿ-ական պատգամավորը՝ Սարգսյանի վստահված ա՞նձ


Your browser doesn’t support HTML5

ԲՀԿ-ական պատգամավորը` Արտաշատի ընտրատեղամասում

Արտաշատ քաղաքում տեղակայված ընտրատեղամասերում այսօր շրջում էր «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը: Պատգամավորը 17/10 ընտրատեղամասում «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե վստահված անձ է, թեեւ վկայական չուներ։

Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանը նախ ասաց, թե Կարապետյանը նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է։ Իսկ երբ պարզվեց, որ պատգամավորի անունը գրանցամատյանում չկա, հանձնաժողովի նախագահը խոստացավ դուրս հրավիրել նրան։ Այդ խոստումից հետո Կարո Կարապետյանն այցելեց հարեւանությամբ գտնվող թիվ 11 ընտրատեղամաս՝ հետաքրքրվում էր ընտրությունների ընթացքով: Նրան ուղեկցող ամրակազմ երիտասարդների խմբեր էին պարբերաբար շրջում ընտրատեղամասերով:

«Ազատություն» ռադիոկայանի այցելած ընտրատեղամասերում նկատելի էր, որ ընտրողների հոսքը հիմնականում ապահովվում էր խմբերով:

«Ում հետ պայմանավորվել ենք, բոլորը գալիս են»


Թիվ 17/10 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրիկ Գրիգորյանը տեղամասում պարբերաբար հեռախոսով զեկուցում էր․ - «Ընտանիքը լրիվ գնացել է։ Ես նոր գնացի եկա։ Ընկեր Մելիքյան, այստեղի գործերն էլ պրծան։ Լրիվ։ Հըլը վախում ենք շատ ըլնի։ Էն, ում հետ պայմանավորվել ենք, բոլորը գալիս են, ընտրում են։ Բոլորը։ Շենքերը, որի հետ ես պայմանավորվել եմ»։

Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Մուրադ Ներսիսյանը Սերժ Սարգսյանի վստահված անձին գլխի գցեց, որ այդքան էլ հարմար պահ չի ընտրել բարձրաձայն հայտարարություններ անելու համար, եւ Սերժ Սարգսյանի վստահված անձը միանգամից դադարեցրեց զեկուցումը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ո՞ւմ հետ է պայմանավորվել, որ ընտրում են, Սուրիկ Գրիգորյանը պատասխանեց․ - «Իմ ընտանիքի։ Իմ ընտանիքին՝ որ գնան։ Պայմանավորվել եմ»։

Սերժ Սարգսյանի վստահված անձը նաեւ պնդեց, որ որեւէ մեկին որեւէ բան չէր զեկուցում, այլ իր տղայի հետ էր խոսում։

Մեր այցելած տեղամասերում նույն անձինք հաճախ էին ելումուտ անում՝ առանց որեւէ վկայականի, հետաքրքրվում էին քվեարկողների ակտիվությամբ, բայց տեսախցիկից ակնհայտորեն խուսափում էին: