Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 33 տոկոսը

Նախագահի թեկնածուների լուսանկարները ընտրատեղամասերից մեկի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 14-ի տվյալներով` Հայաստանի նախագահական ընտրությանը մասնակցել է ընտրողների 33 տոկոսը կամ մոտ 836 710 մարդ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը, ամենաակտիվը Սյունիքի մարզի ընտրողներն են, այնուհետեւ Տավուշի եւ Արարատի մարզի ընտրողները: Ընտրությանը ամենաքիչ մասնակցություն այս պահի դրությամբ արձանագրվել է Արմավիրի մարզում:

Նկատենք, որ այսօր ԿԸՀ էին եկել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վստահված անձն ու շտաբի ներկայացուցիչ: Նրանք երկուսն էլ առավոտյան քվեարկել էին, սակայն անձնագրերի կնիքները անհետացել էին, եւ վստահեցնում են, որ թաց անձեռոցիկով չեն մաքրել:

Մարկոսյանը արձագանքելով այս փաստին, ասաց` հայտնի չէ, թե քանի նման դեպք է արձանագրվել:

«Ունեցել ենք տեղամասեր, որտեղ թանաքը օգտագործելու կարգը ճիշտ չեն պահել, այսինքն թանաքը յոթ րոպե չեն խառնել եւ դրա համար սկսել է ժամանակից շուտ անհետանալ: Այս պահին ԿԸՀ-ի աշխատակազմը, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն էլ փորձում են պարզել եւ տեղում արագ լուծում տալ: Շիրակում ենք նման դեպք ունեցել: Անմիջապես թանաքը փոխել ենք նորով, որովհետեւ եթե ճիշտ չեն օգտագործել ու արդեն երբ առանց խառնելու օգտագործում են, հետո փորձում են խառնել, արդեն դա չի աշխատում, դա փոխում ենք նոր թանաքով: Փորձում ենք պարզել, եթե հնարավոր է` թերությունները ուղղել», - ասաց Մարկոսյանը: