ԲՀԿ-ական պատգամավորը` Արտաշատի ընտրատեղամասում

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տեւական ժամանակ է ինչ Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամասում է։

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի վկայությամբ` պատգամավորը վստահված անձ չէ եւ գրանցված չէ գրանցամատյանում։

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանից ճշտել իրավիճակը։ Ավետիսյանը նախ ասաց, թե Կարապետյանը գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գրանցված չէ, հակադարձեց, թե գրանցված է։ Այդուհանդերձ, երբ պարզվեց, որ պատգամավորի անունը գրանցամատյանում չկա, հանձնաժողովի նախագահը խոստացավ դուրս հրավիրել նրան։

Արտաշատի ինչպես թիվ 17/10, այնպես էլ թիվ 17/11 ընտրատեղամասերի մոտ հավաքված են սեւազգեստ ամրակազմ տղամարդիկ։


Անուշ Մարտիրոսյան