Օբամայի գերակայությունը տնտեսության աշխուժացումն է լինելու

Բարաք Օբաման ելույթ է ունենում Կապիտոլ Հիլլում

Պաշտոնավարման երկրորդ ժամկետի մեկնարկին, իր առաջին ամենամյա ելույթում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կենտրոնացավ հիմնականում տնտեսության, միջին խավի աշխուժացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման վրա՝ ընդգծելով, որ սրանք են լինելու իր գերակայությունները առաջիկա չորս տարիներին։

Մոտ մեկ ժամ շարունակված ելույթի ընթացքում Օբաման փաստեց, որ միջազգային ֆինանսական ճգնաժամից ու բյուջեի շուրջ ներքին տարաձայնություններից հետո Ամերիկայում տնտեսությունը դեռեւս ամբողջովին չի առողջացել։ Թեեւ ստեղծվել են շուրջ վեց միլիոն նոր աշխատատեղեր, այդուամենայնիվ, չափազանց մեծ թվով ամերկացիներ մինչ օրս չեն կարողանում լավ վարձատրվող աշխատանք գտնել։

«Կորպորացիաների եկամուտները հասել են պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին, սակայն, արդեն ավելի քան տասը տարի է՝ աշխատավարձերում ու եկամուտներում աճ գրեթե չի գրանցվել: Մեր սերնդի պարտքն է վերստին գործի դնել Ամերիկայի տնտեսության շարժիչ ուժը` աճող եւ զարգացող միջին խավը», -ընդգծեց Օբաման՝ հավելելով, որ անհրաժեշտ է վերականգնել ամերիկյան երազանքը, որի համաձայն յուրաքանչյուր ոք, անկախ այն հանգամանքից` որտեղից է եկել, ում է սիրում եւ ինչ տեսք ունի՝ Նահանգներում կարող է հասնել հաջողության` քրտնաջան աշխատանքի եւ իր պարտականությունները պատշաճ կատարելու դեպքում։

«Մեր պարտքն է վերահաստատել, որ Ամերիկայի կառավարությունը աշխատում է շատերի եւ ոչ թե մի քանիսի համար եւ որ այն քաջալերում է ազատ գործարարությունը, ողջունում է անձնական նախաձեռնողականությունը եւ հնարավորությունների դուռ է բացում յուրաքանչյուր երեխայի առջեւ ողջ երկրով մեկ», - հայտարարեց Օբաման։

Գովեստի խոսքեր շռայլելով Ամերիկայի ժողովրդի հասցեին, որը եռանդուն աշխատում է՝ ճգնաժամը հաղթահարելու համար, Օբաման միեւնույն ժամանակ փաստեց. մինչ ժողովուրդը փորձում է դուրս գալ մի ճգնաժամի ճիրաններից, նրա կողմից ընտրված պաշտոնյաները հիմքեր են ստեղծում մեկ այլ ճգնաժամի առաջացման համար։

«Մենք պետք է փոխհամաձայնության գանք բյուջեի պակասորդի, կրթության ու առողջապահության ոլորտները բարեփոխելու շուրջ», - հայտարարեց Օբաման` կոչ անելով պատգամավորներին վեր դասել ազգային շահը կուսակցականից:

«Ամերիկան առաջ է շարժվում միայն այն ժամանակ, երբ մենք միահամուռ ենք եւ երբ երկիրը բարելավելու պատասխանատվությունը ստանձնում ենք միասնաբար», - փաստեց ԱՄՆ նախագահը։

Ներքին խնդիրներից, զենքի վաճառքի նկատմամբ սահմանափակումները խստացնելու անհրաժեշտությունից բացի Բարաք Օբաման անդրադարձավ նաեւ արտաքին մարտահրավերներին։

«2014-ին ամերիկյան պատերազմը Աֆղանստանում կավարտվի, մեր զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն այդ երկրից», - հայտարարեց Օմաբան՝ ընդգծելով, որ այսուհետ ահաբեկչական վտանգները հաղթահարելու համար Նահանգները իր զինծառայողներին սահմանից դուրս չի ուղարկի, այլ կօգնի այլ երկրներին ինքնուրույն հաղթահարել մարտահրավերներն ու ամրապնդել ներքին անվտանգությունը։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ անհրաժեշտ է գտնել դիվանագիտական լուծում, Ռուսաստանի հետ շարունակել համագործակցությունը միջուկային սպառազինությունները կրճատելու ոլորտում», - հայտարարել է Նահանգների նախագահն ու վերահաստատել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ պաշտպանել ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ողջ աշխարհում։

Նախագահի ուղերձից հետո, ավանդույթի համաձայն պատասխան ելույթով հանդես եկավ ընդդիմության՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, սենատոր Մարկո Ռուբիոն։ 2009-ին, հիշեցնենք, հանրապետականները բավական բուռն էին արձագանքել Օբամայի ելույթին, «ստում ես» ՝գոռացել էր անգամ մեկը դահլիճից: Այս անգամ այդօրինակ միջադեպեր չարձանագրվեցին, այդուամենայնիվ, Ռուբիոն, ով համարվում է հանրապետականների հավանական թեկնածուներից մեկը հաջորդ նախագահական ընտրություններում, քննադատեց նախագահին եւ կոչ արեց հրաժարվել հարկերը բարձրացնելու «կպչուն գաղափարից»:

«Ես սա ասում եմ ոչ թե ի շահ հարուստների, այլ որովհետեւ ուզում եմ պաշտպանել իմ հարեւաններին», - հայտարարեց հանրապետական սենատորը՝ ընդգծելով, որ ինքը ծնվել է կուբացի ներգաղթյալների աղքատ ընտանիքում, 41 տարեկանում միայն փակել է կրթության համար վերցրած վարկն ու մինչեւ հիմա Մայամիում ապրում է միջին եկամուտ ունեցող մարդկանց թաղամասում: