Ճիշտ բառը ցեղասպանությունն է. վերջնական նպատակը՝ արդարությունը

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր


Անցյալ շաբաթ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները մեծ տարաձայնությունների տեղիք տվեցին, երբ, ինչպես հաղորդվում է, փետրվարի 5-ին Երեւանում իր նախընտական արշավի ժամանակ, նա հայտարարել է, թե «ցեղասպանություն» եւ «եղեռն» բառերը նույնն են: Նա վստահեցրել է, որ նախագահ Օբաման անգամ «ցեղասպանություն» բառը չարտասանելով ասել է «ամեն ինչ»: Հայաստանի նախագահը նկատի է ունեցել ԱՄՆ նախագահ Օբամայի կողմից «Մեծ եղեռն», այլ ոչ թե «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Ապրիլի 24-ի նրա ամենամյա ոգեկոչման ուղերձներում:

Մինչեւ 1943 թվականին Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» բառի հորինումը, հայերը հիմնականում օգտագործել են «Եղեռն» եւ «Մեծ եղեռն» բառերը՝ 1915-23թթ. ժամանակահատվածում կազմակերպված հայերի զանգվածային ջարդերը բնութագրելու համար: Նախքան 1943 թվականը հայերը զանազան արտահայտություններ են օգտագործել այդ կոտորածներին անդրադառնալիս, ինչպիսիք են՝ «ջարդ», «մեծ ոճիր», «աղետ», «տեղահանություն» եւ «աքսոր»: Սակայն այս բառերից եւ ոչ մեկը, միջազգային օրենքի համաձայն, «ցեղասպանության» իրավական զուգորդական իմաստը չունի:

1943 թվականից ի վեր, հայերը շատ ժամանակ են ծախսել եւ ջանք ու եռանդ չեն խնայել աշխարհին համոզելու համար, որ նրանք ցեղասպանության զոհեր են եւ այժմ միջազգային օրենքով արդարություն են պահանջում Թուրքիայից: Սա է հիմնական պատճառը, թե ինչու են հայերը հետապնդում ցեղասպանության, այլ ոչ թե՝ ջարդերի, եղեռնի կամ տեղահանության ճանաչում:

Միակ պատճառը, որ նախագահ Օբաման «Մեծ եղեռն» եզրույթն է օգտագործել իր ամենամյա ուղերձներում, «Հայոց ցեղասպանություն» բառերից խուսափելն է՝ զիջելով թուրքական ճնշումներին: Եթե Մեծ եղեռն ու ցեղասպանությունը միեւնույն իմաստն ունեն, ինչո՞ւ նախագահ Օբաման «Մեծ եղեռնի» փոխարեն չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը: Ի վերջո, նախագահի թեկնածու Օբաման ամերիկահայ ընտրողներին չէր խոստացել, որ ընտրվելու դեպքում ճանաչելու է Մեծ եղեռնը, այլ խոստացել էր, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե Մեծ եղեռնը եւ ցեղասպանությունը հոմանիշներ են, պարզապես նախագահ Օբամայի առջեւ ազատ ուղի են հարթում՝ թույլ տալով նրան չպահպանել իր լրջագույն խոստումը: Նրանք միաժամանակ վնաս են հասցնում Հայոց ցեղասպանության ճանաչման համար մի քանի տասնամյակների հայկական լոբբիստական տքնաջան ճիգերին:

Նրանք, ովքեր հաստատում են Մեծ եղեռնի եւ ցեղասպանության միջեւ առկա համարժեքությունը, ամենեւին էլ այդպես չեն անում հայկական տերմինաբանությանն անտեղյակ լինելու պատճառով: Նրանք շատ լավ գիտեն, որ այդ երկու բառերը նույն իմաստը չունեն: Նրանց իսկական նպատակը հաղթանակ հայտարարելն է՝ օտարներին համոզելու համար, որ Միացյալ Նահանգների նախագահն ի վերջո ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը:

Այս մոտեցման մեջ առկա է մի քանի խաբկանք: Նախ՝ անկախ այն հանգամանքից, թե Մեծ եղեռնը ինչ է նշանակում հայ ժողովրդի համար, այն բոլորովին անիմաստ մի եզրույթ է բոլոր նրանց համար, ովքեր հայերեն չգիտեն: Երկրորդ՝ Մեծ եղեռնի եւ ցեղասպանության միջեւ զուգահեռներ անցկացնելը ցեղասպանության ճանաչման գործում հաջողություն հայտարարելու համար, անօգուտ գործ է: Իրոք, կարիք չկա աղավաղել նախագահ Օբամայի խոսքերի իմաստը: Դեռեւս 1951 թվականին Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, երբ ԱՄՆ կառավարությունը պաշտոնական փաստաթուղթ է ներկայացրել Միջազգային արդարադատության դատարան (Միջազգային դատարան)՝ ճանաչելով Հրեական Հոլոքոսթը եւ Հայոց ցեղասպանությունը որպես ցեղասպանության օրինակներ: Միացյալ Նահանգների մեկ այլ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանը, 1981 թվականի ապրիլի 22-ին նախագահական Հռչակագիր է ստորագրել, որտեղ նա հիշատակել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, Ներկայացուցիչների պալատը երկու անգամ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1975 եւ 1984 թվականներին ընդունված բանաձեւերում:

Հետեւաբար, այլեւս խիստ անհրաժեշտություն չկա հետամուտ լինել Հայոց ցեղասպանության հավելյալ ճանաչմանը՝ Կոնգրեսում շարունակական բանաձեւեր անցկացնելով կամ նախագահ Օբամայից պահանջելով արտասանել «Հայոց ցեղասպանություն» բառերը: Կարիք չկա նաեւ վերաիմաստավորել նախագահ Օբամայի ուղերձները, պնդելով, թե «Մեծ եղեռն» եզրույթը օգտագործելով նա ինքնըստինքյան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նախագահ Օբաման Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միայն մեկ պատճառ ունի՝ լինել իր խոսքի տերը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հայ ժողովրդի եւ նրա աջակիցների համար խիստ կարեւոր է իրենց ուժերը կենտրոնացնել ոչ թե ցեղասպանության հավելյալ ճանաչման հասնելու վրա, որն արդեն կայացած իրողություն է, այլ արդարության ապահովման վրա՝ հարյուր տարի առաջ իրենց նախնիների դեմ գործված զանգվածային ոճրագործությունների համար:

Միացյալ Նահանգներից կամ անգամ Թուրքիայից Ցեղասպանության ճանաչումը
պահանջելու փոխարեն, ինչը որեւէ կոնկրետ օգուտ չի բերի, հայերն իրենց ուժերը պետք է կենտրոնացնեն ավելի իմաստալից քայլերի վրա, ինչպիսին է հայցերի ներկայացումը թուրքական կառավարության դեմ՝ ազգային եւ միջազգային դատարաններում:

Երբ հայ ժողովուրդը դատական կարգով կամ աշխարհաքաղաքական անսպասելի զարգացումների հետեւանքով Թուրքիայից վերստին ստանա իր տարածքներն ու ունեցվածքը, թուրքական կառավարությունը ինչքան ուզում է կարող է չճանաչել Հայոց ցեղասպանությունը:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի